ՌԴ Պետդումայի ընտանեկան հարցերի հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան քննադատել է հղի դպրոցականներին դրամական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը՝ այն անվանելով «պեդոֆիլիայի խրախուսում»։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը անպատասխանատու են և վնասում են թե՛ հասարակությանը, թե՛ դեռահաս աղջիկներին, գրում է Лента.ру-ն։
Պատգամավորը նշել է, որ դպրոցականներին ծննդաբերելու համար նույնիսկ փոքր վճարներով խրախուսելը պետք է իրավական պատասխանատվության հիմք դառնա։ «Նման քաղաքականությունը պնդում է՝ եթե աղջիկը ծննդաբերի դպրոցական նստարանից, ապա արժանի է պետական պարգևի։ Սա պետության խեղված ուղերձ է», — ընդգծել է նա։
Ավելի վաղ մի քանի ռուսական շրջաններում ներդրվել էր 100 հազար ռուբլու չափով միանվագ վճար հղի դպրոցականների համար։ Դումայի այլ անդամներ ևս նախաձեռնությունը որակել էին որպես դեռահասների հղիության նորմալացում՝ նշելով, որ «երբ երեխան երեխա է ունենում, դա հերոսություն չէ, այլ ողբերգություն»։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է նոր արժութային փոխարժեքներ հուլիսի 12-14-ի համար։ Դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է 77.88 ռուբլի, եվրոյինը՝ 91.12, իսկ չինական յուանի փոխարժեքը՝ 10.84 ռուբլի։
Սրան նախորդող օրը՝ հուլիսի 11-ին, դոլարը արժեցել է 77.90, եվրոն՝ 91.49, իսկ յուանը՝ 10.81 ռուբլի։
Ավելի վաղ կարգավորիչը հայտարարել էր, որ չի զբաղվում ռուբլու փոխարժեքի արհեստական կարգավորմամբ՝ արձագանքելով նավթի գների անկման պայմաններում ազգային արժույթը թուլացնելու հնարավոր մտադրությունների մասին հարցերին, հայտնում է Лента.ру-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է այսօր Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցների կողմից զենքի հանձնումը։
Էրդողանը X-ում իր հրապարակման մեջ հույս է հայտնել, որ «Թուրքիան առանց ահաբեկչության» անվան տակ սահմանված նպատակին ուղղված այսօրվա կարևոր քայլը կդառնա բարի գործերի պատճառ։
«Թող Ալլահը մեզ տա հասնել մեր նպատակներին այս ճանապարհին, որը մենք ընտրում ենք մեր երկրի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունը և մեր տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու համար», - ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները այսօր սկսել են հանձնել իրենց զենքերը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Բեկոն պրոդուկտ» 2 երկու արտադրատեսակի արտադրությունը։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Բեկոն Պրոդուկտ»–ից 6 արտադրատեսակ ուղարկել է փորձաքննության, որոնցից «Նրբաբլիթ տավարի մսով»-ի և «Պելմենի դասական»-ի մեջ եղել են շտկման ենթակա ցուցանիշներ։
««Նրբաբլիթ տավարի մսով»–ում մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների և աղիքային ցուպիկի խմբի մանրէների քանակը, իսկ «Պելմենի դասական»-ում` ՄԱՖԱնՄՔ–ի քանակը ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,– ասված է հայտարարության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը, հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի ազդարարել է Ռուսաստանի դեմ նոր գործողություններ ձեռնարկելու իր մտադրության մասին, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Լրագրողները խնդրել են ամերիկացի առաջնորդին մեկնաբանել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտի վրա հարվածը։ «Գիտեմ։ Դուք կտեսնեք որոշ բաներ», - Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողներին պատասխանել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկուշաբթի օրը նախատեսում է «Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն» անել։
Այդ ամենի խորապատկերին Կրեմլը հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հուլիսի 14-ին Ռուսաստանի վերաբերյալ հայտարարված «կարևոր հայտարարությանը»: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օտարերկրացիները փորձել են Հայաստանից անօրինական ճանապարհով ոսկյա զարդեր ներմուծել Վրաստան, վրացական կողմը կանխել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Օտարերկրյա քաղաքացիների մոտ 42,9 հազար լարիի (15,7 հազար դոլար) 279,9 գրամ ոսկերչական իր է հայտնաբերվել։
Lizzo-ն հինգշաբթի օրը Instagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որը երկրպագուների շրջանում մեկ հարց է առաջացրել՝ արդյո՞ք նա ընդհանրապես հագուստ կրում է։
Գրեմմի մրցանակակիր 37-ամյա երգչուհին, որը վերջերս էր հայտնել, որ փորձել է Ozempic, ցուցադրել է իր նիհարած կազմվածքը իր «Still Can’t Fuh» երգի ներքո նկարահանված թեժ տեսանյութում, գրում է Daily Mail-ը։
Մեջքով դեպի տեսախցիկն ուղղված Lizzo-ն նման է ժամանակակից Լեդի Գոդիվային, երբ նա դանդաղորեն ճոճում է ազդրերը մայրամուտի ներքո։
Տեսանյութում նա պատկերված էր պլատինե շիկահերի կեղծամով և շրջապատված է պարողների մի խմբով, որոնք նույնքան քիչ էին հագնված հազիվ՝ նկատելի լարերով և թափանցիկ բոդիներով։
Հագուստները այնքան թափանցիկ և փոքրիկ են, որ առաջացրել են երկակի կարծիքներ, իսկ օպտիկական պատրանքը քաոսի մեջ է գցել սոցիալական ցանցերը։
«Մերկ են, ես այնքան շփոթված եմ», - գրել է մի երկրպագու, մինչդեռ մեկ ուրիշը հավելել է. «Էլ ո՞վ է կարծում, որ նրանք մերկ են»։
Տեսանյութը հայտնվել է Լիզզոյի՝ սննդի հետ իր «բարդ հարաբերությունների» մասին խոսելուց մի քանի օր անց, երբ նա բացահայտել էր, թե ինչպես է նա նիհարել՝ երկրպագուներին հնարավորություն տալով ծանոթանալ նրա իր սննդակարգին և ապրելակերպին։
«Հիմա էլ հերթը հասել է գազատարներին». – Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ կարողանան հեղուկ գազով բեռնված մեքենաներով Հայաստան հասնել։
«Ռենտգեն են արել, թղթերը վերցրել են ներս, ու վերջ, էլ ոչ պատասխանում են, ոչ էլ: Անորոշ կանգնած ենք, չգիտենք ինչ անենք»:
«Բոլորի ձեռից հավաքել են՝ վարորդի անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և բոլոր դակումենտացիան»:
Սահմանին կանգնած վարորդներից մեկը պատմեց՝ տարիներ շարունակ Վրաստանի անցակետը անխոչընդոտ հատել, հասել է Ռուսաստան, մեքենան հեղուկ գազով բեռնել ու վերադարձել Հայաստան: Ասում է՝ անգամ եթե վրացական կողմում կշռել են իրենց մեքենան, ապա դա րոպեներ է տևել, իսկ հիմա՝ շուրջ 24 ժամ և ավելի: Իրենից առաջ Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքատեղիից դուրս եկած գազատարներն էլ, ասաց, չեն կարողանում Հայաստան հասնել, վրացական Գեզի մաքսային տերմինալում էլ են կանգնեցնում ու ստուգում այնպես, ինչպես հայկական կոնյակը:
«Երեկ մտնողներն են գնացել Գեզի, մենք մինչև հիմա էստեղ կանգնած ենք, Գեզի մտնողներն էլ մինչև հիմա էնտեղ կանգնած են, ոչ մի բան չեն ասում, նույն ձևի, ոնց որ մենք ենք էստեղ կանգնած անորոշ վիճակում: Գեզի տերմինալում մոտավորապես մի 120 մեքենա կլինի, իսկ ստեղ մոտավորապես մի 50-60 երևի», – փոխանցեցին վարորդները:
Վարորդները տարակուսած են՝ թեև վրացական սահմանը հատող հայկական կոնյակը միևնույն է Ռուսաստանում է վաճառվում, բայց ստուգում են, գազն էլ հո Հայաստան են բերում, դրա՞ ինչն են ստուգում.
«Թող չհամոզի վրացին ինձ, որ ինքը էնքան է սիրում հայ ազգին, էնքան մտածում է, որ գազի որակ է վերցնում, հանկարծ որ հայ ազգը չթունավորվի»:
«Գեզի՞ ինչի են ուղարկում, էս էլ հո կոնյա՞կ չի»:
Ավելի վաղ վրացական կողմում խնդիրների մասին բարձրաձայնել էին ալկոհոլ արտահանողները: Նրանց տևական բողոքներից հետո վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցած Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահն այդպես էլ չմեկնաբանեցին՝ արդյոք կարողացա՞ն Թբիլիսիից ճշտել, թե ինչու են Վրաստանի անցակետում ստուգում Ռուսաստան գնացող ու այնտեղ վաճառվող հայկական կոնյակի որակը: Այդ ստուգումների պատճառով բեռնատարները շաբաթներ, նույնիսկ ամիսներ շարունակ կանգնում էին վրացական անցակետերում: Թեպետ այս հարցում որոշակի տեղաշարժ արձանագրվել է, բայց խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։
Իսկ գազատարների վարորդներն այսօր զանգահարել են Վարստանում Հայաստանի դեսպանատուն, ասացին՝ պատասխանել են, թե առավոտից տեղեկացված են խնդրից, բայց, երբ կլուծվի՝ չգիտեն:
Եթե կոնյակի հարցում պաշտոնական Թբիլիսին հաղորդում է՝ ոչ մի արտառոց բան չկա, սովորական մաքսային ընթացակարգեր են, ապա հայկական գազատարների հարցով վրացական մամուլում պաշտոնական հաղորդագրություններ չգտանք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է աշխատակիցներին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կառավարության աշխատակազմը կրճատելու ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են The Washington Post-ը (WP) և The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված ներքին հաղորդագրությանը, որը հայտնվել է իրենց տրամադրության տակ։
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Մայքլ Ռիգասի անունից ուղարկված ծառայողական գրության մեջ ասվում է, որ գերատեսչությունը «շուտով» կսկսի ծանուցել այն աշխատակիցներին, որոնք ենթակա են կրճատման, փոխանցում է Forbes-ը։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների վկայությամբ, նման ծանուցումներ սպասվում են արդեն հուլիսի 11-ի առավոտյան, NYT-ի հետ զրույցում նշել են անանուն դիվանագետները։ Կրճատվող աշխատակիցների ստույգ թիվը Ռիգասի հաղորդագրության մեջ չի նշվում։
Ըստ Associated Press-ի, ուրբաթ օրը Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1300 աշխատակցի։ Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնել է գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցը, համապատասխան ծանուցումներ կստանան 1107 պետական ծառայող և 246 դիվանագիտական ծառայության աշխատակից, որոնք առաջադրանքներ են կատարում ԱՄՆ տարածքում։
Անմիջականորեն ԱՄՆ տարածքում աշխատում է Պետդեպարտամենտի շուրջ 18 000 աշխատակից։ Ըստ պետքարտուղար Ռուբիոյի ծրագրի՝ նրանց ավելի քան 15%-ը կկրճատվի, գրում են WP-ն և NYT-ը։ Ինչպես հստակեցնում է վերջինս, ծրագիրը չի նախատեսում ամերիկյան դեսպանատների փակում կամ արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի կրճատում։
Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցած երկրների կառավարություններին։ Այս մասին տեղեկանում ենք միության տարածած հաղորդագրությունից։
«Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել այն երկրների կառավարություններին, որոնց նախագահները կամ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ անցած շաբաթ բռնազավթված Ստեփանակերտում մասնակցել են Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Նշված երկրներն են՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Պակիստան, Թուրքմենստան, Աֆղանստան, Ղազախստան, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան Տարածաշրջանի Տնտեսական և Սոցիալական Հանձնաժողով (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ), Նիգերիա։
Բողոքի նոտայում, մասնավորապես, ասված է.
«Արցախ միությունը, որպես առաջատար համայնքային կազմակերպություն, խստորեն դատապարտում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի անցկացումը հուլիսի 3-4-ին Ստեփանակերտում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաքում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի բռնազավթման ներքո։ Մենք նաև արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն ու դատապարտումը Ձեր կառավարության՝ այս միջոցառմանը բարձր մակարդակով անօրինական մասնակցության կապակցությամբ։
2020-2023 թվականներին Ադրբեջանը իրականացրել է Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության համակարգված արշավ։ Այս քաղաքականության հետևանքները ողբերգական ակնհայտությամբ դրսևորված էին Ձեր այցի ընթացքում՝ բնակչությունից ամբողջությամբ զրկված հայրենիք, գույքի համատարած ոչնչացում և մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգություններ։
Բռնազավթված Արցախում պաշտոնական միջազգային միջոցառումների անցկացումը դիտավորյալ փորձ է Ադրբեջանի կողմից լեգիտիմացնելու ուժի անօրինական կիրառման, զանգվածային տեղահանության և մշակութային բնաջնջման հետևանքները։
Թեև պաշտոնական հաղորդագրություններում գագաթնաժողովի նպատակը նկարագրվում էր որպես տնտեսական համագործակցության և տարածաշրջանային զարգացման խթանում, սակայն հարկ է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու զարգացումը չեն կարող ձեռք բերվել առանց Արցախի ժողովրդի ներառական մասնակցության և հավաքական վերադարձի։
Նրա անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ, կայուն և անհապաղ վերադարձը իր հայրենիք պետք է ապահովվի միջազգային իրավական նորմերին համապատասխան, ներառյալ՝
Արդարադատության միջազգային դատարանի վճիռը (2023 թ. նոյեմբերի 17), և
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը (2023 թ. հոկտեմբերի 11)։
Բռնազավթման և ուժի կիրառման միջոցով պարտադրված ստատուս քվոյի փաստացի լեգիտիմացմանը նպաստող ցանկացած գործողություն կամ այց ուղղակիորեն խարխլում է արդարության, հաշտեցման և տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը։ Հետևաբար, Ձեր մասնակցությունն այս միջոցառմանը կարող է մեկնաբանվել որպես միջազգային իրավական սկզբունքներից շեղում և, անկախ դիտավորությունից, կարող է ընկալվել որպես Ադրբեջանի ռասայական խտրականության և մշակութային ոչնչացման քաղաքականությանը համահունչ գործողություն։
Մենք նաև շեշտում ենք, որ նման միջոցառման անցկացումը բռնազավթված Ստեփանակերտում՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման, զեղծարարության և յուրացման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մարդու իրավունքների այլ փաստահավաք առաքելություններին թույլտվություն չտալու պայմաններում՝ առանձնապես սադրիչ և մտահոգիչ է։
Հիշեցնում ենք Ձեզ, որ Արցախում մշակութային և կրոնական վայրերի շարունակվող վանդալիզմը, եկեղեցիների պղծումը և սեփականության իրավունքների խախտումները ոչ միայն միջազգային հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, այլև խախտում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած պարտադիր կատարման ենթակա որոշումը, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել և պատժել նման գործողությունները։
Վերոշարադրյալի լույսի ներքո մենք խստորեն կոչ ենք անում Ձեր կառավարությանը հրապարակայնորեն պարզաբանել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա բռնի տեղահանված բնակչության վերաբերյալ, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի բռնազավթման և ցեղասպանության քաղաքականության ճանաչում կամ հաստատում
Ավելին, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ապահովել մշակութային ցեղասպանության շարունակվող գործողություններին հստակ, սկզբունքային և համակարգված արձագանք, ինչպես նաև պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքները»»։