Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող լիցենզավորման կարգի փոփոխությունների մասին նախագիծը։ Օրենսդրական նոր փոփոխությունների նպատակն է բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և ապահովել համապատասխանություն ժամանակակից պահանջներին։
«Մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարում քոլեջների լիցենզավորման գործընթացում։ Առաջին էական փոփոխությունն այն է, որ այսուհետ տարբերակում ենք լիցենզավորման ձևերը։ Մինչ այժմ գործած մոտեցումն այն էր, որ նույն լիցենզիան ընդգրկում էր թե՛ գործունեության թույլտվությունը, և թե՛ կոնկրետ որակավորման ծրագրի իրականացումը։ Այժմ արդեն լիցենզավորման կարգով սահմանվում են երկու տարբեր տեսակներ. մեկը վերաբերում է կրթական գործունեության թույլտվությանը, մյուսը՝ կոնկրետ որակավորման շնորհման կրթական ծրագրին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ երկրորդ տիպի լիցենզիան կտրուկ բովանդակային պահանջներ կներառի․ կքննարկվի, օրինակ, արդյոք կա համապատասխան դասախոսական կազմ և անհրաժեշտ պայմաններ տվյալ որակավորմամբ կրթական ծրագիրը իրականացնելու համար։
Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորեց նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդմանը։ Լիցենզավորման նոր կարգով առանձին կարգավորումներ են սահմանվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի համար։
«Նախատեսվում է նաև ճկունություն՝ հիմնական աշխատակազմի համամասնությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդ շեմը սահմանվում է 30 տոկոս, ինչը թույլ կտա քոլեջներին ներգրավել ոլորտում արդեն աշխատող պրակտիկ մասնագետների՝ փոխանցելու իրենց փորձը և հմտությունները։ Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ գործատուի մոտ աշխատող մասնագետը կկարողանա միաժամանակ ներգրավվել ուսուցման պրակտիկ բաղադրիչում»,- նշեց նախարարը։
Փոփոխություններով հստակեցվում են նաև այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովված լինեն լիցենզավորման համար՝ ուսումնաարտադրական և լսարանային տարածքներից մինչև լաբորատոր բազաների համապատասխանություն։
Նախարարը հավելեց, որ լիցենզավորման նոր ձևակերպումներն առաջիկայում կհամապատասխանեցվեն կրթության միջազգային դասակարգմանը։ Մասնավորապես՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» ծրագրի փոխարեն կիրառվի «մասնագիտական կրթության առաջին մակարդակ» եզրույթը, իսկ «միջին մասնագիտական կրթության» փոխարեն՝ «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակ»։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին այսօր տեղի է ունեցել զինված բախում: Թաիլանդի բանակի տվյալներով՝ կամբոջական զորքերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվորի: Իր հերթին, Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ զորքերը պատասխան միջոցներ են ձեռնարկել միայն ինքնապաշտպանության համար:
Թաիլանդի իշխանությունները հայտնում են, որ Կամբոջան օգտագործել է հրետանի։ Թաիլանդի Սուրին նահանգի Կաբչաինգ շրջանի ղեկավար Սուտտիրոտ Չարոենթանասակը Reuters-ին ասել է, որ արկն ընկել է մի տան վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Թաիլանդի բանակը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։ Թաիլանդի բանակը նշում է, որ ինքնաթիռներից մեկը կրակ է բացել Կամբոջայի տարածքի վրա և ոչնչացրել ռազմական թիրախ։ Երկիրը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է «Թաիլանդի անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան», հաղորդում է Reuters-ը՝ հաստատելով, որ թաիլանդական բանակն իսկապես կիրառել է օդուժ։
Կամբոջայի նախկին վարչապետ Հուն Սենը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն։
«Մենք կոչ ենք անում բոլոր կամբոջացիներին վստահել մեր կառավարությանը և զինված ուժերին, որոնք գտնվում են առաջնագծում... Մենք խնդրում ենք բոլորին... պահպանել հանգստություն և շարունակել իրենց ամենօրյա գործունեությունը սովորականի պես», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1300 հայկական բեռնատար կա կուտակված։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 3612 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1350-ը հայկական են։
Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սոցցանցերում գրում են, որ սահմանը հատելու համար երբեմն ստիպված են լինում 4-8 ժամ հերթ կանգնել։
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է։
Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:
Դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին:
Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ»:
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հուլիսի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
ՀՀ–ում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15–ը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թ. ապրիլի 21–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ, և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է 2025 թ. հունիսի 23–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։
Այդ պատճառով ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու համար զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թ. օգոստոսի 15–ը ներառյալ։
Նախնական տվյալներով՝ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են։ Մինչ այժմ փրկարարներով ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել վթարի վայրում՝ դա դժվարամատչելի տարածք է, լեռան լանջ։ Տեղում հրդեհ է բռնկվել», - ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում եղել է 46 մարդ: «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:
Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը հաջորդել է այն բանին, ինչ երկու երկրների միջև սկսվել են միջսահմանային բախումներ։
Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։
Թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսովանոնը լրագրողներին հայտնել է մյուս կողմում ռազմական թիրախ ոչնչացնելու մասին։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչների ռումբերն ընկել են ճանապարհի վրա։
Գերատեսչությունից խստորեն դատապարտել են «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Associated Press-ը, մեջբերելով Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսնակ Սուրասանտ Կոնգսիրիի խոսքերը, հայտնում է կրակոցների հետևանքով 1 քաղաքացիական անձի զոհվելու, երեքի վիրավորվելու մասին։
Երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող միջսահմանային գոտում ականի վրա թաիլանդացի զինվորի վիրավորվելուց հետո հուլիսի 23-ին Թաիլանդի իշխող կուսակցությունը հայտնել էր Կամբոջայում իր դեսպանին հետ կանչելու ու իր երկրից Կամբոջայի դեսպանին հեռացնելու մտադրության մասին։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կամբոջային՝ նշելով, որ տարածքում հայտնաբերված ականները նոր են տեղադրվել և չեն հայտնաբերվել նախորդ պարեկությունների ժամանակ։Երկու երկրների միջև սկսված փոխհրաձգութունից հետո Սուրին սահմանամերձ շրջանում թաի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ։
Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն տաս մարդ։ Իսկ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ։
Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում, չորեքշաբթի՝ հուլիսի 23-ի երեկոյան, շարունակվել են բողոքի ցույցերն Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը սահմանափակող օրենքի դեմ, հայտնում է dw.com-ը։
Օրենքն ընդունվել է Գերագույն Ռադայի կողմից հուլիսի 22-ին։ Այդ երեկոյան, չնայած բողոքի ցույցերը, այն ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից։
Հուլիսի 23-ին մի քանի հազար մարդ հավաքվել է Կիևում՝ Իվան Ֆրանկոյի հրապարակում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի շենքից ոչ հեռու: Եկածները պահանջում էին պաշտպանել Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին միջամտությունից և ճնշումներից: Նրանք վանկարկում էին «Ամո՛թ», «Չեղարկե՛լ» և այլ նմանատիպ կարգախոսներ:
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հուլիսի 23-ին նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև Զապորոժիեում, Խարկովում, Չեռնովցիում, Դնեպրում, Նիկոլաևում, Լվովում և այլ քաղաքներում: Հաղորդվում է, որ դրանց աջակցել են բազմաթիվ երիտասարդներ: Բացի այդ, բողոքի ցույցերին միացել են հասարակական գործիչներ, նախկին զինվորականներ և նախկին ռազմագերիներ:
Ուկրաինայում Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը սահմանափակող օրենքի ընդունումն ու ստորագրումը սուր քննադատություն է առաջացրել ոչ միայն երկրում, այլև միջազգային գործընկերների կողմից։
Այսպես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Զելենսկիից «բացատրություններ» է պահանջել այս կապակցությամբ: «Նախագահ ֆոն դեր Լեյենը իր խորը կասկածներն է հայտնել այս փոփոխությունների հետևանքների վերաբերյալ և բացատրություն է խնդրել Ուկրաինայի կառավարությունից», - հուլիսի 23-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախության սահմանափակումը «դժվարացնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ»։
Հուլիսի 22-ին ուկրաինացի պաշտոնյաները չեն արձագանքել քննադատությանը։ Սակայն հուլիսի 23-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կառավարությունը վերլուծել է «բոլոր մտահոգությունները, բոլոր ասպեկտները, թե ինչը պետք է փոխվի և ինչը պետք է ակտիվացվի»։
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը խոստացել է Գերագույն Ռադայի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որը կպարունակի «հակակոռուպցիոն ինստիտուտների անկախության բոլոր նորմերը»։