Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, զրպարտության մեղադրանքով հայց են ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդումներ է անում, թե նախագահի կինը տղամարդ է եղել: Այս մասին հայտնում է France 24-ը։
Մակրոնների փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի առաջին զույգը դատական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ Օուենսը բազմիցս անտեսել է YouTube-ում և փոդքասթում «Becoming Brigitte» («Դառնալով Բրիջիտ») խորագրով շարքում արված կեղծ և զրպարտող հայտարարությունները հետ վերցնելու խնդրանքները։
Նրանք նշել են, որ Օուենսի զրպարտությունները միտված են «վիրավորելու և ցավ պատճառելու մեր ընտանիքներին, ինչպես նաև ուշադրության և համբավի արժանանալու»։Օուենսի YouTube-ի ալիքն այժմ ունի ավելի քան 4.7 միլիոն բաժանորդ։
Քենդիս Օուենսի դեմ 218 էջանոց հայցը Մակրոնների կողմից ներկայացվել է Դելավերի Գերագույն դատարան։ Դրանոց պահանջ է ներկայացվել փոխհատուցելու վնասը, որի չափը կորոշվի դատավարության ընթացքում։
72-ամյա Բրիջիտ Մակրոնը ևս նախկինում դիմել է Ֆրանսիայի դատարաններ՝ պայքարելու պնդումների դեմ, թե ծնվել է որպես տղամարդ։ 2024 թվականի սեպտեմբերին երկու կին մեղավոր է ճանաչվել Բրիջիտի դեմ զրպարտանքների այս գործով։
Ռուսաստանի Ամուրի մարզում հուլիսի 24-ին կործանված An-24 ինքնաթիռը 2018 թվականից ի վեր 4 ավիամիջադեպի մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, 2018 թվականին տվյալ ինքնաթիռը վնասվել է թռիչքուղուց դուրս գալու ժամանակ։ Օդանավը բախվել է լուսարձակող սյանն ու վնասել ձախ թևը։ Այդ ժամանակ ինքնաթիռում գտնվող 24 անձանցից ոչ մեկ չէր տուժել։ Բացի այդ, 2022 թվականի ապրիլին Իրկուտսկ-Բոդայբո չվերթն իրականացնելու ժամանակ գործել է «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռին վտանգավոր մոտեցման մասին նախազգուշական համակարգը։
2022 թվականի մայիսին ինքնաթիռը չվերթի իրականացման ժամանակ վերադարձել է օդանավակայան՝ գեներատորի խափանման պատճառով։Իսկ արդեն 2025 թվականի մարտին Իրկուտսկ-Կիրենսկ չվերթի իրականացման ժամանակ օդանավի անձնակազմը ռադիոընդունիչներից մեկի խափանման պատճառով խնդրել է վերադառնալ կայանատեղի։
Ամուրի մարզպետ Վասիլի Օրլովը պաշտոնապես հայտարարել է, որ հուլիսի 24-ին կործանված ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են։Ռուսական կողմից հայտնել են, որ որպես ինքնաթիռի կործանման նախնական պատճառ է դիտարկվում անձնակազմի կողմից սխալը վատ տեսանելության պայմաններում վայրէջքի փորձի ժամանակ։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելն իր որոշումն է եղել։
«Ո՞վ ասաց, որ Ռոմանոս Պետրոսյանի անունը Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել առաջինը։ Դուք տիրապետո՞ւմ եք այդ ինֆորմացիային։ Այդ օրենքը կարդացե՞լ եք։ Դա իմ նշանակումն է, ինձ տրված բացառիկ իրավունքն է։ Այդ հարցը տեղափոխում եք քաղաքական հարթություն»,- ասաց նա։
Լրագրողների հիշեցումներին, որ ոչ վաղ անցյալում ՔՊ-ական է եղել, Մեսրոպյանն ասաց. «Երբեք վատ չեմ զգում իմ քաղաքական անցյալի համար։ ՔՊ-ական եղել եմ և չեմ բացառում, որ մի օր, երբ չեմ լինի այս պաշտոնում, միգուցե վերադառնամ ՔՊ»։
Ճշտող հարցին՝ չի ստացվու՞մ, որ միայն թղթի վրա է, որ ՔՊ-ական չէ, Մեսրոպյանն ասաց, որ ոչ։
«Ես ունեմ սահմանված պարտականություններ, իրավունքներ և մնում եմ այդ իրավունքների մեջ։ Նման երևույթներն ինձնից առաջ էլ են եղել»,- ասաց նա։
Մեսրոպյանը բերեց Արա Նռանյանի օրինակը, ով ևս Հանձնաժողովի անդամ է և ոչ վաղ անցյալում ու իր ամբողջ կենսագրության ընթացքում ՀՅԴ վառ ներկայացուցիչ է եղել։
«Հիմա կարո՞ղ եք պնդել, որ Արա Նռանյանը Հանձնաժողովում գործունեության ընթացքում քաղաքական դրսևորումներ ունի»,- ասաց նա։
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաշինյանն ավելի վաղ ՀՀ կառավարության պատվիրակության գլխավորությամբ մեկնել էր Գորնո-Ալտայսկ՝ համաժողովին մասնակցելու համար։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի վարչապետների հանդիպմանը ներկա են երկու երկրների պատվիրակությունների անդամները։
Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։
Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։
Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի թույլատրելու Սիրիայի ապակայունացմանն ուղղված որևէ ծրագրի իրականացում։ TRT Haber-ը, հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հուլիսի 23-ին հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից «պաշտպանունակության բարձրացման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի» շրջանակում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վճռականություն են հայտնել պատասխանելու ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերին, եթե ընթացիկ բանակցություններում լուծում չգտնվի։
«Երկու կողմերն էլ համաձայն են, որ պետք է պահպանեն առևտրային քաղաքականության լրացուցիչ գործիքներ օգտագործելու իրավունքը, եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն», – հայտարարել է Գերմանիայի նախարարաների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը Բեռլինում երկու երկրների ղեկավարների միջև երեք ժամ տևած բանակցություններից հետո:
Մերցը և Մակրոնը, նրա խոսքով, պատրաստ են նույնիսկ «մշակելու նոր միջոցներ»։
Միևնույն ժամանակ Կոռնելիուսը նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան սերտորեն կհամակարգեն գործողություններն Իտալիայի և Եվրահանձնաժողովի հետ բանակցությունների եզրափակիչ փուլում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել է օգոստոսի 1-ից ամբողջ եվրոպական արտահանման համար 30 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ի լրումն ԵՄ-ից պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար արդեն գործող 10% մաքսատուրքերի։ Ի պատասխան Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այդ մաքսատուրքերը կխաթարեն մատակարարումների անդրատլանտյան շղթաները, և կոչ է արել փորձել համաձայնության գալ մինչև օգոստոսի 1-ը։
Վթարի ենթարկված Ан-24-ի ուղևորներից մեկը հրաժարվել էր թռիչքից: SHOT-ի տվյալներով՝ խոսքը 55-ամյա Մարինե Ավալյանի մասին է Թինդայից:
Մինչև վերջերս նա աշխատել է որպես ձեռնարկատեր և զբաղվել մանրածախ առևտրով:
Արդեն հայտնել ենք Ամուրի մարզում Ан-24 ինքնաթիռի կործանման մասին։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 48 ուղևորներն ու անձնակազմը մահացել են։
Էստոնիայի կառավարությունը որոշել է անժամկետ մուտքի արգելք սահմանել Բելառուսի 273 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ERR պետական հեռուստատեսությունն ու ռադիոն՝ վկայակոչելով Էստոնիայի արդարադատության նախարարությունը։
«Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո գրեթե հինգ տարվա ընթացքում դրական փոփոխություններ չեն գրանցվել», - ասել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան, որը նախաձեռնությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը։
Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության ոլորտի աշխատակիցներ։ Նշվում է, որ Տալլինը Մինսկի դեմ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին։
Նախ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Դիտարկմանը՝ ՀԷՑ-ը սակագնի թանկացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ Դուք և Ռոմանոս Պետրոսյանն ինչ եկել եք ակնակրկում եք թանկացման մասին, նա ասաց, որ որևէ բան չի ակնարկում:
«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարեց Մեսրոպյանը:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն. նրան ուղեկցում են կինն ու կրտսեր դուստրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: