Ռուսաստանի ԶՈւ պահեստազորի գնդապետ Միխայիլ Խոդարենոկը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստացած «զարհուրելի պատասխանը» Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների դեպքում կարող է ներառել երեք փուլ՝ մինչև միջուկային զենքի կիրառություն։ Նրա խոսքերը հրապարակել է Газета.Ru-ն։
Խոդարենոկի խոսքով՝ առաջին փուլում կարող են իրականացվել թևավոր հրթիռային հարվածներ այն ՆԱՏՕ-ի երկրներում գտնվող ձեռնարկությունների ուղղությամբ, որոնք արտադրում են Ուկրաինայի համար նախատեսված զենք։ Երկրորդ փուլում հնարավոր են փորձնական միջուկային պայթյուններ՝ ծովային տարածքներում կամ անբնակ վայրերում, այդ թվում՝ բարձրադիր պայթյուններ փոքր կամ միջին հզորությամբ։
Վերջնական՝ երրորդ փուլում, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը կարող է կիրառել տակտիկական միջուկային զենք՝ հարված հասցնելով Կիևի կառավարական թաղամասին կամ Դնեպրի ՀԷԿ-երի շղթային։ Ավելի վաղ Պուտինը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի տարածքի վրա Tomahawk հրթիռներով հարձակման դեպքում պատասխանը կլինի «լուրջ, եթե ոչ՝ ցնցող»։