Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
Ինչպես նշել էի, Գյումրու քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման, այնուհետեւ՝ ևս երկու ավագանու անդամների կալանավորման ու մինչեւ 4 տասնյակ գյումրեցիների ձերբակալման (մի մասն արդեն կալանավորվել է) ԻՐԱԿԱՆ նպատակն է, Գյումրին իշխանության վերահսկողության տակ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Մասիսի ԸՆՏՐՎԱԾ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժաչափը։
Փաստաբանները հիմնավորված պնդում են, որ Համբարձումյանի մեղավորությունը որևէ կերպ ապացուցված չէ, բայց մեկ այլ հանգամանք էլ է շատ ուղագրավ. Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված է 4-ից 7 տարվա ազատազրկում, և եթե նշանակվեր ՄԻՆՉԵՒ 6 տարվա պատիժ, Համբարձումյանը կազատվեր պատժից՝ 2018 թվականի համաներման ակտի ուժով։
Սակայն դատարանը նշանակել է ոչ թե մինչեւ 6 տարի, այլ՝ առավելագույն 7-ից 6 տարի 3 ամիս պատիժ՝ այս «3 ամսով» փաստացի բացառելով համաներման կիրառման հնարավորությունը։
Սա հուշում է, որ նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը։
Դժվար է գտնել այլ տրամաբանական բացատրություն, թե ինչու դատարանը՝ քննության առնելով ավելի քան 7 տարվա վաղեմություն ունեցող գործը, նախկինում չդատապարտված, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցող գործող քաղաքապետի նկատմամբ, որոշեց նշանակել հնարավորինս խիստ պատիժ։
Նպատակը պարզ է՝ 2026 թ. հունիսի 7-ին նախատեսվող Ազգային ժողովի ընտրություններից առաջ իշխանության ձեռքում կենտրոնացնել բոլոր վարչական ռեսուրսները։