Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը նշանակալի մշակութային իրադարձության բեմ է դարձել․ Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է «Սիմուրղի Երկիրը» նախագիծը, որը առաջին անգամ ղեկավարել է կին-դիրիժոր Փանիզ Ֆերյուսեֆին, հայտնում է Mehr-ը։
Ռուդաքիի հիմնադրամի կազմակերպած ելույթներին մասնակցել է երաժիշտների լայն կազմ, իսկ որպես մենակատար հանդես է եկել ջութակահար Փեդրամ Ֆերյուսեֆին։ Ծրագիրը բացվել է Սիբելիուսի լարային անսամբլի համար նախատեսված Op. 5 իմպրովիզացիայով, որին հաջորդել են ժամանակակից իրանցի կոմպոզիտորներ Գոլֆամ Խայամի և Աֆթաբ Դարվիշիի ստեղծագործությունները։ Նվագախումբը կատարել է Խայամի «Սիմուրղ»-ը և «Զամզեմե»-ն, այնուհետև Փեդրամ Ֆերյուսեֆին միացել է անսամբլին՝ Դարվիշիի «Դիյար» կոմպոզիցիան կատարելու համար։
Համերգի երկրորդ մասում հնչել է Շուբերտի անավարտ ութերորդ սիմֆոնիան (Սի մինոր), որը բաղկացած է եղել երկու մասից՝ Allegro moderato և Andante con moto։ Երեկոն ավարտվել է բարձր տրամադրությամբ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ի կատարմամբ։ Ելույթի վերջում Փանիզ Ֆերյուսեֆին համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին, հիշատակելով իր սեփական մորը։