A350-1000ULR-ը կդառնա Qantas-ի պատմության մեջ ամենահեռահար ուղևորատար ինքնաթիռը. այն կկարողանա մինչև 22 ժամ մնալ օդում։ Դրա համար Airbus-ի ինժեներները ինքնաթիռը համալրել են 20,000 լիտր ծավալով լրացուցիչ կենտրոնական վառելիքի բաքով։
Առաջին նախատիպը գրեթե ամբողջությամբ հավաքված է. ֆյուզելյաժի հիմնական հատվածները միացված են, իսկ թևերը, պոչի մասերը և վայրէջքի մեխանիզմը տեղադրված են, հաղորդում է Naked Science-ը: Առաջիկա օրերին ինքնաթիռը կտեղափոխվի անգար՝ Rolls-Royce Trent XWB-97 շարժիչների տեղադրման և առաջին փորձարկումներին նախապատրաստվելու համար:
Ինքնաթիռի սրահում տեղավորվում է ընդամենը 238 ուղևոր՝ զգալիորեն պակաս, քան ստանդարտ A350-ում։ Այս որոշումը կայացվել է հարմարավետության համար. ավելացվել է ոտքերի համար նախատեսված տարածքը և «առողջության գոտի» է ստեղծվել Պրեմիում էկոնոմ և Էկոնոմ դասերի միջև, որը թույլ է տալիս ուղևորներին հանգիստ ձգել ոտքերը ռեկորդային թռիչքի ընթացքում։
«Sunrise» նախագիծը Qantas-ի համար առևտրային ավիացիայի նոր դարաշրջան կբացի. առաջին անգամ Ավստրալիան ուղիղ օդային կապ կունենա դեպի աշխարհի ամենամեծ քաղաքները՝ առանց տեղափոխումների կամ կանգառների: Ավիաընկերությունը պատվիրել է ընդհանուր առմամբ 12 հատ Airbus A350-1000ULR ինքնաթիռ, որոնք կյանքի կկոչեն «աշխարհի մի ծայրից մյուսը» միանգամից ճանապարհորդության մասին երազանքը։