Զարմանալի չէ, որ վերջերս ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ամենաաղմկոտ հակառակորդները դարձել են Ռուսաստանը և Իրանը, գրում է The National Interest-ը։
Ինչպես նշվում է, օգոստոսի 8-ին, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հսկում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ ֆրանսիական Le Monde թերթը «Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհասանելի է մնում» վերնագրով հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ հնարավոր համաձայնագիրը Հայաստանում «հուսահատության զգացում է սերմանում»։
Դրանով ԱՄՆ-ն իրեն դիրքավորում է որպես Հարավային Կովկասի առաջատար խաղաղարար՝ դուրս մղելով և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, ինչը Մոսկվային ձեռնտու չէ: Փաստորեն, Ռուսաստանը մեղադրել է Արևմուտքին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը «զավթելու» և «իր շահերին հարմարեցնելու» փորձի մեջ: Փաստաթղթի ստորագրման հետևանքներից մեկն այն է, որ Հայաստանում ոմանք այժմ պահանջում են Շիրակի մարզում գտնվող ռուսական ռազմաբազայի փակումը: Հայ-ռուսական գործող պաշտպանական համաձայնագրի համաձայն՝ բազան պետք է գործի մինչև 2044 թվականը: Սակայն այս համաձայնագիրը նախորդել է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2023 թվականի բախմանը, երբ Մոսկվան օգնություն չի ցուցաբերել Հայաստանին:
Շիրակի ռազմաբազան փակել ցանկացողները հիմա հարցնում են, թե ինչու է այն ընդհանրապես անհրաժեշտ։ Նրանք նաև պնդում են, որ եթե խաղաղությունը անխուսափելի է, ապա Հայաստանը այլևս Ռուսաստանի «պաշտպանության» կարիքը չունի։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրից խորապես դժգոհ մեկ այլ կողմ է Իրանը։ Հիմնական հարցերից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ խաղաղության և բարգավաճման գործընկերության համար» (TRIPP) նախագծին, որը նախկինում հայտնի էր որպես Զանգեզուրի միջանցք։ Այն առևտրային և տրանսպորտային ուղի է, որը Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի անկլավի հետ։
TRIPP-ի մանրամասները դեռևս մշակման փուլում են, թեև Թրամփը պաշտոնապես լիազորել է Ռուբիոյին շարունակել այդ աշխատանքը։ Այնուամենայնիվ, օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ է տալիս TRIPP-ի զարգացման համար՝ հաջորդ 99 տարիների ընթացքում։ Իրանը մտահոգված է, որ դա վնաս կհասցնի Կովկասում իր շահերին։ Այն հեռանկարը, որ այսքան ատելի «Մեծ Սատանան» կշարունակի տնտեսական և ռազմական գործունեություն ծավալել Իրանի հյուսիսարևմտյան սահմանի մոտ, ակնհայտորեն Թեհրանում ոգևորություն չի առաջացնում։ Հայաստանի՝ Իրանի ուղեծրից դուրս գալը կարող է պատժամիջոցների համար արժեքավոր շրջանցիկ գոտու կորուստ նշանակել։
Վերջապես, գործարքն ամրապնդում է Թուրքիայի և Իսրայելի՝ Ադրբեջանի դաշնակիցների դիրքերը։ Պարբերականը նաև նշում է, որ հայկական սփյուռքի որոշ համայնքներ կտրուկ դատապարտել են համաձայնագիրը՝ այն անվանելով նոր «Մյունխեն»։ Փաստաթղթի դեմ են հանդես եկել նաև հայտնի ձախ մտավորականներ, ինչպիսիք են տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, որը Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի կայուն զարգացման կենտրոնի տնօրենն է։