Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը էականորեն կնվազեցնի Հայաստանի ռիսկայնության աստիճանը և կնպաստի ներդրումների մեծացմանը։
Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելով՝ Գալստյանը նշեց, որ թեև միջազգային վարկանշային գործակալությունները դեռևս չեն կատարել Հայաստանի վարկանիշի վերանայում, արձագանքները դրական են։
«Գործընկերների ազդակները և արձագանքները բավականին դրական են։ Խոսքը թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ միջազգային առևտրային կառույցների հետ շփումների մասին է։ Ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն, թե՛ ռիսկի հավելավճարի նվազման, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից։ Որոշակի անորոշություն դեռ կա, դրա համար Ֆիչի կողմից եղավ ոչ թե վարկանիշի վերանայում, այլ դրական կոնոտացիաներ»,- ընդգծեց Գալստյանը։
Նրա խոսքով, ԿԲ-ն իր մակրոտնտեսական կանխատեսումներում քննարկում է տարբեր սցենարներ, և աշխարհաքաղաքական ռիսկերի մեղմացման պարագայում կկատարվի նաև համապատասխան վերանայում։