2025 թ. անցած 8 ամիսների ընթացքում ՀՀ–ում 12–ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 3.6 տոկոս։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ԿԲ տարեկան հաղորդումը, որը ներառում է 2 փաստաթուղթ` 2025 թ. 1–ին երկու եռամսյակների և 2024 թվականի դրամավարկային ծրագրի կատարման հաղորդումը։
Գալստյանի բնութագրմամբ` գնաճը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի հետ։ Բացի այդ, ըստ նրա, տարեսկզբին համահունչ են աճել նաև կարգավորող ծառայությունների, մասնավորապես տրանսպորտի սակագները։
«Այս ամենին զուգահեռ հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում` վերջին ամիսներին ձևավորվելով 2–2.5 տոկոսի միջակայքում։ Այս պայմաններում գնաճային սպասումները սկսել են նվազել` մոտենալով թիրախային մակարդակին»,– հայտարարեց նա։
ԿԲ նախագահի խոսքով` ֆինանսական շուկայի մասնակիցները 2025 թվականի համար 12–ամսյա գնաճը գնահատում են 3 տոկոսի շրջանակում։
«Մենք կշարորւնակենք մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3 տոկոսի մակարդակի և գների կայունության ապահովման համար»,– վստահեցրեց նա։
Գալստյանը տեղեկացրեց, որ թեև ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը վերջին ամիսներին ավելացել է, ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից շարունակում է գնահատվել չեզոք։ Այս զարգացումների պարագայում 2025 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4,9–5.3 տոկոսի միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում։
Գալստյանը չթաքցրեց, որ ստեղծված իրավիճակը լի է մեծ անորոշություններով և ռիսկերով, որոնք խելամիտ կառավարելու համար ԿԲ–ի ներդրած դրամավարկային համակարգը հուշում է, որ մեր երկիրն ի վիճակի է լինելու հասնել իր նախանշված նպատակներին։
Նա նաև նշեց, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը վերջին տարիներին աճել է բավականին մեծ տեմպերով, միայն այս տարվա սկզբից` 20 տոկոսով։
«Զուգահեռ պետք է նշել, որ վատորակ վարկերի տեսակարար կշիռը բանկային համակարգում պատմականորեն երևի թե նվազագույն մակարդակի վրա է»,– ԱԺ–ում ասաց ԿԲ նախագահը։
Բանկերի կապիտալն այս պահին կազմում է 1.8 տրլ դրամ։