ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյունի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Նշվում է, որ Մարկո Ռուբիոն ընդգծել է երկու երկրի միջև դաշնակցության «անսասան ուժը, որն ավելի քան 70 տարի ծառայել է որպես խաղաղության, անվտանգության և բարգավաճման հենասյուն Կորեական թերակղզում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Կողմերն աջակցություն են հայտնել ԱՄՆ-Հարավային Կորեա դաշնակցության ամրապնդմանն, այդ թվում՝ «հզոր համատեղ պաշտպանության դիրքորոշման և Կորեայի Հանրապետությանն ընդլայնված զսպման շարունակական ապահովման միջոցով»։
Ռուբիոն և Հյունը ողջունել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև օրերս կնքված առևտրային համաձայնագիրը։
Նրանք նաև վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծմանը, միջազգային պատժամիջոցների լիարժեք իրագործմանը և լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության առնչությամբ։
Կողմերը նաև քննարկել են ԱՄՆ-Կորեայի Հանրապետություն-Ճապոնիա եռակողմ համագործակցությունը շարունակելու կարևորությունը։