Վատիկանն ապրիլի 21-ի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար։
Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Խոսնակը նշել է, որ ծիսակարգը 19։30-ին կանցկացնի կարդինալ Մաուրո Գամբետին:
Հռոմի 88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին Վատիկանի իր կեցավայրում։
2025 թվականի հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել էին Հռոմի Gemelli կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ Մարտի 11-ին բժիշկները հայտնել էին, որ Հռոմի պապի մոտ հիվանդության կրիտիկական փուլն անցել է՝ նշելով, որ նա հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։
2016 թվականի հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել էր Հայաստան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը խստացնում է քրեական պատիժները Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու համար։
Հիմա շահադիտական նպատակներով կամ ուրիշի կողմից վարձված լինելու հետևանքով բանակը վարկաբեկելու համար պատիժը մինչև յոթ տարի ազատազրկում է ենթադրում։
Օրենքը նախատեսում է նաև մինչև յոթ տարի ազատազրկման պատիժ՝ միջազգային կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու համար, որոնց անդամ չէ Ռուսաստանը։ Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոչերն այժմ պատժվում են մինչև հինգ տարվա ազատազրկմամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող է լինել կաթվածը կամ ուղեղի արյունազեղումը:
Այս մասին գրում է La Repubblica թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ պոնտիֆիկոսի մահը կապված չի եղել շնչառության հետ կապված խնդիրների հետ։
Ֆրանցիսկոսն ավելի վաղ հիվանդանոցում բուժվում էր թոքաբորբից:
Signal Messenger-ի փակ խմբային չաթի անդամ են եղել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կինն ու նրա եղբայրը, գրում է New York Times-ը։ Մարտի 15-ին Պենտագոնի ղեկավարը Եմենում հութիների դեմ ռազմական գործողության մանրամասն ծրագրերի մասին տեղեկություններ է ներկայացրել չաթում, մասնավորապես նշելով հութիներին թիրախավորող F/A-18 Hornet-ների թռիչքների ժամանակացույցը։
Ըստ New York Times-ի՝ այն փաստը, որ պաշտպանության նախարարի կինը, եղբայրը և անձնական փաստաբանը չաթում են, և նրանցից ոչ մեկը ռազմական գործողության օպերատիվ մանրամասներին ծանոթանալու ակնհայտ պատճառ չունի, անկասկած, լրացուցիչ հարցեր կառաջացնի Հեգսեթի կողմից անվտանգության կարգավորումների պահպանման վերաբերյալ:
CNN հեռուստաալիքի աղբյուրներն էլ հայտնել են, որ ներկայիս չաթը ստեղծվել է պաշտպանության նախարարի պաշտոնում Հեգսեթի հաստատման լսումների ժամանակ, որպեսզի նրա մերձավոր դաշնակիցները կարողանան ռազմավարություն մշակել:
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն այսօր հայտարարություն է արել կենտրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով, որում նշել է, որ օրերս հեռանալու է պաշտոնից:
«Տեղեկացնում եմ, որ ս/թ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստացված գրության հիման վրա իմ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։
Հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ։
Հանրահայտ է և ձեզ համար, սիրելի՛ գործընկերներ, ակնհայտ տեսանելի, որ 2020 թվականից սկսած Կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 21-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեք Ալ Սաիդն այցով ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։ Այցը նվիրված է Ռուսաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակին։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օմանի սուլթանի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին։ Ռուսաստանն ու Օմանը Ալ Սաիդի Մոսկվա այցի ընթացքում կստորագրեն 10 համաձայնագիր, այդ թվում՝ վիզային ռեժիմից փոխադարձ չեղարկման մասին փաստաթուղթ։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին. համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Համաձայնագրի հիմնական դրույթներն են.
Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են աջակցել առևտրատնտեսական համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, կողմերը սերտորեն համագործակցում են համատեղ զորավարժությունների անցկացման հարցում, եթե երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է օգնություն ցուցաբերի հարձակվող կողմին, Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները՝ աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը, Մոսկվան և Թեհրանը համագործակցում են միջազգային ահաբեկչության և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, երկրները մտադիր են ընդդիմանալ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և դրանց ներդրումը համարում է միջազգային անօրինական գործողություն, Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են խթանել համագործակցությունը երկու երկրների ԶԼՄ-ների միջև ապատեղեկատվությանն ու բացասական քարոզչությանը հակազդելու համար, Մոսկվան և Թեհրանը միմյանց հնարավոր օգնություն կտրամադրեն բնական և տեխնածին աղետները կանխելու համար, Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը պայմանավորվում են գնի շուրջ մոտեցումները, Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերով, ներառյալ միջուկային էներգիայի օբյեկտների կառուցումը:
Համաձայնագիրը կնքվել է 20 տարով` ավտոմատ երկարաձգմամբ հետագա հնգամյա ժամկետների համար: