Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) արձագանքել է այս քաշային կարգում UFC գործող չեմպիոն, վրացի Իլիյա Տոպուրիայի (Իսպանիա) հայտարարությանը, թե չի ցանկանում տիտղոսը պաշտպանել Արման Ծառուկյանի հետ մենամարտում։
«Պատկերացրեք, որ կոչվում ես չեմպիոն, բայց արդեն դրությունից դուրս գալու ելքեր ես փնտրում։ Կարող ես թողնել տիտղոսը, այլապես ես կխլեմ այն։ Ամեն դեպքում, տիտղոսն իմն է»,- X սոցիալական ցանցում գրել է Արման Ծառուկյանը։
Ավելի վաղ Իլիյա Տոպուրիան հայտարարել էր, որ ինքը վնասվածքով էլ կմասնակցեր տիտղոսային մենամարտի։ Այս տարվա հունվարին Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր, որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով:
Հիմա եկեք հասկանանք՝ ինչո՞ւ են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները, այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը:
Ակնհայտ է, որ քաղաքական օլիմպոսից մեծ լոնքերով իջնում է իրենց առաջնորդը և բոլոր շանսերը արդեն առկա են, որ 2026թ․ սպասող «չմիացածների շարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ, քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին: Հիշելով 2021թ․ ու իրենց ախորժակը, պատկերացրեք՝ դա ինչ կատաստրոֆա է:
Հիմա Տիգրանի ասածի ո՞ր մասն է սխալ, որ արշավ եք անում ՀՀԿ-ի դեմ, թե՞ որ ձայներն եք ուզում տանել, կարծում եմ արդար կլինի ասել, որ երկու հարցում էլ դա ճշմարտություն է ու գրեք չգրեք արդեն եղանակ չեք փոխելու, համակերպվեք:
Ի վերջո էդ ձեզ ինչո՞ւ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է ուզեք դա թե չուզեք:
Շարունակելի...»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը փոփոխություններ է կատարել ՀԷՑ–ի տնօրինության կազմում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է պաշտոնից։ Ղազինյանն այդ որոշումը վիճարկում է դատարանում։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածի հետ հակամարտության կարգավորման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ միջնորդների առաջարկած համաձայնագրի կապակցությամբ պատասխան ստանալուց հետո Իսրայելը որոշել է խորհրդակցությունների համար Դոհայից հետ կանչել բանակցային խմբին: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերում արդյունք չի գրանցվել։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ից ստացված պատասխանի կապակցությամբ որոշում է կայացվել բանակցային խումբը հետ կանչել Իսրայել՝ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու համար: Մենք բարձր ենք գնահատում բանակցություններում հաջողության հասնելու համար միջնորդների՝ Կատարի և Եգիպտոսի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ջանքերը», - ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) սկսել է արտոնագրեր տալ օտարերկրյա տանկերներին՝ Սևծովյան նավահանգիստներ մտնելու համար, ինչը կարճատև դադարից հետո թույլ կտա վերականգնել Ղազախստանի նավթի արտահանումը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Երկու ոլորտային աղբյուր չորեքշաբթի օրը հայտնել են, որ նոր կանոնների համաձայն՝ օտարերկրյա տանկերներին ժամանակավորապես արգելվել է մուտք գործել Ռուսաստանի հիմնական սևծովյան նավահանգիստներ, ինչը փաստացիորեն դադարեցրել է Ղազախստանից նավթի արտահանումը։ Ղազախստանյան նավթի արտահանումը հիմնականում իրականացվում է Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) միջոցով, որը մասամբ պատկանում է ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերություններին։
Սակայն, ավելի վաղ հինգշաբթի օրը, Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի դադարեցրել ռուսական ծովային նավահանգիստներով նավթի բեռնման աշխատանքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրյա նավերը երկրի նավահանգիստներ մուտք գործելու համար պետք է ունենան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) թույլտվությունը։ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթամուղը Ղազախստանի նավթային հանքավայրերը Ռուսաստանի Սևծովյան Հարավային Օզերեևկա նավահանգստի (Նովոռոսիյսկի մոտակայքում) միջոցով կապում է արտահանման շուկաներին։
Այն հիմնականում տեղափոխում է ղազախական նավթ և ռուսական նավթի մի փոքր մասը։
Reuters գործակալությունը անցյալ շաբաթ հաղորդել է, որ Ռուսաստանում գտնվող Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալից օգոստոսին նավթի արտահանումը սահմանվել է օրական 1,66 միլիոն բարելի կամ մոտ 6,5 միլիոն տոննայի մակարդակով, ինչը գրեթե անփոփոխ է հուլիսի արտահանման պլանի համեմատ։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կա կասկածյալ։
ՔԿ–ից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի առաջին մասով և 335-ի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների կասկածյալը Արարատի մարզից գործարար Ստեփան Սամվելյանն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Ուղերձում նշված է.
«Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Անդրեյ Մակարովը, որը վիրավորվել էր իր երկու հայրենակիցների հետ ծեծկռտուքի ժամանակ, մահացել է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում՝ դանակահարությունից, հաղորդում է թուրքական DHA լրատվամիջոցը։
Դեպքին առնչություն ունեցող երկու կասկածյալ ձերբակալվել է։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ալանիայի Մահմութլար շրջանի 209-րդ փողոցում։
Մակարովի և նրա երկու հայրենակիցների միջև վիճաբանություն սկսվել է անհայտ պատճառներով։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում Մակարովը դանակահարվել է մեջքից։ Վիճաբանության ականատեսները հայտնել են դրա մասին 112 շտապօգնության ծառայությանը: Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների և ժանդարմերիայի խմբեր: Ժամանած բժշկական և ժանդարմերիայի խմբերը Մակարովին գտել են մեջքի վրա պառկած՝ ծանր վերքերով։
Ծանր վիճակում գտնվող Մակարովը, որին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, տեղափոխվել է Ալանիայի հետազոտական հիվանդանոց։
Չնայած բոլոր բժշկական միջամտություններին, Մակարովը մահացել է։
Իդլիբի նահանգի հյուսիսային ծայրամասում գտնվող Մաարա Միսրին գյուղաքաղաքի մոտակայքում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ևս 116 մարդ, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Քաղաքացիական պաշտպանության և շտապօգնության բազմաթիվ խմբեր աշխատանքներ են իրականացնում վիրավորներին և զոհերին մոտակա հիվանդանոցներ տեղափոխելու համար։
Իդլիբի քաղաքացիական պաշտպանության վարչությունից Al Ikhbariya հեռուստաալիքին հայտնել են, որ դեռևս զոհերի վերջնական հստակ թիվ չկա, և որ նույն տարածքում կրկնվող պայթյուններ են լինում, ինչը խոչընդոտում է քաղաքացիական պաշտպանության խմբերի աշխատանքը։