Ես ոչ մեկին չեմ ատում, ոնց կարող է Քրիստոսին իր իդեալը համարող մարդն ատի որևէ մեկին: Ես Քրիստոսին դավաճանած կլինեմ, եթե որևէ մեկին ատեմ: Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա իմ արժեքային տրամաբանության մեջ չէ»,- նշել է նա:
«Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ, քան թե ատում եմ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ»,- ասել է Փաշինյանը:
Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին. այս մասին հայտնում է Bild-ը։
Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են տեղափոխվել կանոնավոր զորքեր, և այնտեղ սկսվել են լայնածավալ մարտեր:
Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին Աս-Սուվեյդա նահանգում սպանվել է ավելի քան 200 մարդ։ Բանակի գլխավոր նպատակը երկրի հարավի վերահսկողությունը ստանձնելն է, որտեղ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո իշխանությունը գործնականում անցել է տեղական աշխարհազորայիններին։
Համացանցում շրջանառվում են գերի վերցված դրուզների նկատմամբ բռնության տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են սիրիացի զինվորները սափրում բեղերը, որը նրանց մշակույթի կարևոր կրոնական խորհրդանիշ է: Հատկանշական է, որ արմատական իսլամիստները, որոնք նախկինում մեղադրվել են քրիստոնյաների և ալավիների կոտորածի համար, ներգրավված են սիրիական բանակում:
Ստեղծված իրավիճակում Իսրայելը հարձակվել է Աս-Սուվեյդայում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա՝ դրուզ համայնքին աջակցելու համար:
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ Թուրքիա գնացել է ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ՝ Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով․ որը շատ կարևոր նրբություն է:
«Թուրքիայի նախագահին շնորհակալություն եմ հայտնել հրավերի և բաց ու անկեղծ խոսակցության համար: Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, նկատի ունեմ կոմունիկացիաների բացման, հարաբերությունների հաստատման, տարբեր ոլորտներում հնարավոր գործակցության, Անիի պատմական կամրջի վերականգնման», -ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ չկա որևէ շոշափելի արդյունք, բայց, միաժամանակ պետք է փոխվեն ընկալումներն այն առումով, որ արմատավորված հարցերը մի գործողությամբ, մի բանակցությամբ, մի հանդիպումով չեն լուծվելու:
Այո, մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամագրվելու համար, եւ դա տեղավորվում է մեր բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Ընդ որում, սա նաեւ կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետեւ նաեւ քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ եւ ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է։
Երբ ես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արեւելքում, թե արեւմուտքում, սա պետք է գործն ական արտահայտություն ունենա»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ՇՀԿ–ում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, մինչդեռ իշխանությունը ՀԱՊԿ–ը համարում է սպառնալիք, Փաշինյանն ասաց. «Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ն ուրիշ կազմակերպություն է, ՇՀԿ–ն ուրիշ կազմակերպություն է։ ՀԱՊԿ–ի հետ կապված ինչ կար ասելու, ասել ենք, նոր բան չկա ասելու»։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետների ձևաչափով (կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով) աշխատանքային խումբը վաղուց չի գործում։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ խմբի գործունեության դադարեցումը պայմանավորված է հիմնականում տեքստային տարաձայնություններով։ «Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև՝ ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով», – նշել է նա։
Տարածաշրջանային, տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք վաղուց՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն, ներառյալ Հայաստանի հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ներառյալ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ առեւտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ եւ տարանցիկ փոխանակում։
Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացնում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակներում։
Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան։ Օրինակ «Զվարթնոց»–ի կառավարությամն արտապատվիրակված է։ Ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է։ Այստեղ նրբությունն այն է, որ բոլոր այդ համակարգերը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։ Սա շատ կարեւոր է արձանագրել։
Հիմա, օրինակ, քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում,. որը կներգրավի ներդրումներ, քանի որ «խաղաղության խաչմերուկը» ահռելի ներդրումային ներուժ ունի։ Որոշակի գործոններով մենք պետք է կանողանանք կոնսոլիդացնել այդ հետաքրքրությունները։ Մենք ավելի շատ խոսում ենք ավտոճանապարհի ու երկաթուղու մասին, բայց կարող է խոսք լինել նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին։ Սա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի ու կառավարվի։ Դա պետք է եւ կարող է լինել Հայաստանի սեփականությունը։
Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։
Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ, դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ իրավունքի տրամաբանությամբ, այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,–ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ այդ համատեքստում քննարկվել ու քննարկվում են ամենատարբեր գաղափարներ։ Դեռ որեւէ ստորագրված բան չկա, ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը. «Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումների։ Այսօր աշխարհում կա նաեւ երկրների միջեւ մրցակցություն, որ հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները եւ այլն։ Սա էլ է պետք հաշվի առնել։
Զարմանալիորեն այսօր կան ուժեր եւ մարդիկ, որոնք Հայաստանի տարածքով երկաթուղու բացումը փորձում են ներկայացնել որպես ողբերգություն։ Իրականում ողբերգությունն այն է, որ Հայաստանով տարանցի անցնող երկաթուղի չկա։
Մենք այդ պարզեցումները ոչ թե ինչ–որ մեկին ենք խոստացել, այլ ներառել ենք «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրում։
Մի բան հստակ է, որ մենք ուզում ենք եւ պատրաստ ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։ Իհարկե, պետք է փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին կարողանանք համոզել, որ սա շատ անվտանգ, արդյունավետ ներդրումների տեղ ու միջավայր է։ Արդեն կան հետաքրքրված գլոբալ խաղացողներ, ինչը կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ վստահություն»,–ասաց նա։
Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շքամուտքում երեկ ուշ ժամի մի մարդ իրեն հարվածել է։
Տարածած տեսանյութում նա պատմում է, որ մարդ է ճանապարհել, վերադարձի ժամանակ շքամուտքի մոտ մի անծանոթ մարդ դիմացն է հայտնվել ու հարվածել։ Նա սպառնալիքներ, հայհոյանքներ է հնչեցնում այդ մարդու հասցեին։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եթե մինչև այդ ամսաթիվը համաձայնության չհասնեն, երեք եվրոպական տերությունները նախատեսում են գործարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի Իրանի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցներին «անհապաղ վերադարձի» մեխանիզմ, նշում է պարբերականը։
Աղբյուրների համաձայն՝ եվրոպացիները մտադիր են մոտ ապագայում բանակցություններ սկսել Իրանի հետ և փորձել համոզել Թեհրանին, որ կարող է խուսափել պատժամիջոցներից։ Սակայն դրա համար Իսլամական Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։
Մասնավորապես, խոսքը ՄԱԳԱՏԷ-ի կողմից մոնիթորինգի վերսկսման մասին է, որը Իրանը կասեցրել էր Իսրայելի և Ամերիկայի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո, ինչպես նաև երկրից մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի դուրսբերման մասին, որը գտնվում է Թեհրանի տրամադրության տակ։
Axios-ը պարզաբանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հիասթափված է, որ Իրանը դեռևս չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ:
Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ չափագրումն ավարտված է:
Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: