Աշխարհը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը, որոշ դիտորդների կարծիքով, կարող է հնարավորություն լինել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Սակայն Եվրոպայում և Կիևում անհանգստությունն աճում է. գլխավոր վտանգը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, այն է, որ ճակատագրական որոշումները կարող են կայացվել «նրանց գլխավերևում», ում այդ որոշումներն անմիջականորեն վերաբերում են, գրում է գերմանական BILD-ը:
Իտալական La Stampa-ն նկատում է. «Աշխարհաքաղաքականության մեջ կա մեկ հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է»։ Ավստրիական Kleine Zeitung-ը գրում է, որ այժմ «ԵՄ-ի փոխզիջումների մեքենան ստեղծում է միայն վախկոտ նվազագույն կոնսենսուս», որը չի աշխատում «ուժեղ մարդկանց կողմից կառավարվող աշխարհում»։
Իսկ ֆիննական Hufvudstadsbladet թերթը նշում է, որ Մոսկվայի հետ անհավասարակշիռ գործարքը կարող է լինել «փոթորկից առաջ անդորրը» և «մահացու հարված միջազգային անվտանգության համակարգին»:
Լրատվամիջոցների կողմից քննարկվող կարգավորման տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կորեական մոդելն» է՝ հակամարտության սառեցում՝ կողմերի միջև ապառազմականացված գոտի ստեղծելով՝ առանց տարածքային փոփոխությունների իրավական ճանաչման։
Գաղափարն առաջարկել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, սակայն Կիևում այն համարվում է վտանգավոր փոխզիջում, որը կստեղծի «երկաթե վարագույր 2.0», բայց իրական խաղաղություն չի բերի։
Մասնագետները զգուշացնում են, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ուշադիր հետևում է բանակցություններին՝ գնահատելով, թե արդյոք նման «նախադեպը» կարող է տարածվել Ասիայում, այդ թվում՝ Թայվանի վրա հնարավոր հարձակման դեպքում: