Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը ТАСС-ին հայտնել է, որ WhatsApp մեսենջերի արգելափակումը Ռուսաստանում անխուսափելի է: Նա նշել է, որ ծառայությունը համակարգված կերպով անտեսում է Ռուսաստանի օրենքները և շարունակում է գործել երկրում՝ առանց կանոնները պահպանելու, սպառնալիք ստեղծելով օգտատերերի անվտանգության համար:
«Երբ ծառայությունը գործում է մեր օրենքներին հակառակ և սպառնում է մարդկանց, դրա արգելափակումը միայն ժամանակի հարց է»,- ընդգծել է Նեմկինը: Նա նշել է, որ WhatsApp-ը պատկանում է Ռուսաստանում ծայրահեղական համարվող Meta ընկերությանը, որը տարիներ շարունակ չի կատարել երկրի պահանջները: Միևնույն ժամանակ, մեսենջերում օգտատերերի դեմ խարդախների հարձակումների աճ է նկատվել:
Ավելի վաղ Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (РОЦИТ) ամպային տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի նախագահ Միխայիլ Շուրիգինը հայտարարել էր, որ Meta-ի անփույթ մոտեցումն անվտանգության նկատմամբ WhatsApp-ը կիբերհանցագործների համար գրավիչ թիրախ է դարձնում: Նրա համոզմամբ, եթե իրավիճակը չփոխվի, ռուսաստանցի օգտատերերը կարող են ամբողջությամբ հրաժարվել WhatsApp մեսենջերից: