Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում տեղումների կտրուկ նվազման պատճառով այդ երկրները մինչև 2030 թվականը կարող են բախվել ջրի պաշարների կտրուկ նվազման։ Այս մասին հայտնել է բնապահպան Սինան Ջանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքները՝ Անկարան, Բուրսան և Ստամբուլը, արդեն ջրի պակաս ունեն: Էրդողանի կարծիքով, դրա պատասխանատուն ընդդիմադիր ՏԻՄ-երն են, որոնք բնակավայրերի կառավարման իրավունքը ստացել են վերջին ընտրությունների արդյունքներով: Պետության ղեկավարի խոսքով՝ տեղականիշխանությունների անգործությունը և երաշտը վատթարացրել են իրավիճակը։
«Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայում վերջին 12 ամիսների ընթացքում տեղումների քանակը նվազել է` հասնելով վերջին 52 տարվա ամենացածր մակարդակին, իսկ միջերկրածովյան տարածաշրջանում՝ 31 %-ով», - ասել է բնապահպանը, որի խոսքերը մեջբերել է DHA գործակալությունը:
Փորձագետն ընդգծել է, որ ջրի պակասը կարող է սրվել արդեն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Տվյալները ցույց են տալիս, որ ապագայում ջրի խնդիրը ավելի լուրջ է դառնալու:
Սինան Ջանը կոչ է արել ջրի նոր աղբյուրներ փնտրել և հորատման միջոցով արդյունահանել ջուրը: