ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի ջրամբարի ամբարտակի վրա հասցված հարվածի նպատակը ռուսական հասարակության վախեցումն ու ներքին անկայունության ստեղծումն է։ Նրա խոսքով՝ Կիևը փորձում է ստիպել ռուսներին վախենալ և դժգոհել իշխանություններից, սակայն արդյունքը կլինի հակառակ՝ քաղաքացիները կմիավորվեն և ավելի մեծ հայրենասիրություն կցուցաբերեն, հայտնում է Lenta.ru-ն։
«Նրանց նպատակը պարզ է՝ վնասել ենթակառուցվածքը, ստիպել մեզ ծախսել գումար վերականգնման վրա և, ամենակարևորը, վախեցնել մարդկանց։ Բայց նրանք չեն հասկանում, որ նման քայլերով միայն ամրապնդում են ռուսների միասնությունը», — նշել է Ժուրովան։
Ավելի վաղ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ ջրամբարի ամբարտակը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ հարվածից և չի բացառվում, որ այն չդիմանա կրկնվող հարձակումներին։ Նշվել է, որ կա ջրհեղեղի վտանգ՝ հատկապես այն տարածքներում, որոնք գտնվում են Խարկովի մարզի սահմանին մոտ։ Տեղի իշխանությունները արդեն առաջարկել են բնակիչներին սկսել կանխարգելիչ տարհանում։