Կոտայքի մարզի Արամուսում գյուղում օրեր առաջ հարևան ամուսիններին դաշտում սպանելուց հետո նույն անձը մեկ այլ հատվածում ևս 2 հոգու էր սպանել և առևանգելով նրանց ավտոմեքենան փորձել էր փախուստի դիմել։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ սպանվածներից մեկը Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ 44-ամյա Մարինե Հայրապետյանն էր։ Վերջինս բժշկուհի էր, ապրում և աշխատում էր Երևանում։
Ըստ Քարագլխի վարչական ղեկավար Ժորա Գասպարյանի՝ Մարինեն այդ օրը Կոտայքի մարզ էր գնացել հողատարածք ձեռք բերելու նպատակով։
«Մարինեի ծնողները մեր համագյուղացի են, սակայն երկար տարիներ առաջ տեղափոխվել և ապրում են ՌԴ-ում, Մարինեն այնտեղ էր ծնվել, բայց հետո տեղափոխվել էր Հայաստան, սովորել էր Երևանի պետակա բժշկական համալսարանում, ապրում և աշխատում էր Երևանում, բժշկուհի էր։ Մարնեն ամուսնացած էր, դպրոցական տարիքի 1 աղջիկ ունի։ Ինքը շատ հոյակապ մարդ էր։
Ինչ վերաբերում է ողբերգական դեպքին, լսել եմ, որ այդ օրը գնացել էին հողատարածք գնելու, վարորդն էլ իր ընկերներից է եղել, հստակ չեմ կարող ասել, թե ով է եղել։ Խոսակցություններ կան, որ այդ մարդասպանը մեքենան է պահանջել, չեն տվել, նա էլ կրակել է»։
Գասպարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ Մարինեի ընտանիքը բնակվում է ՌԴ-ում, նրա մարմինը տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն․
«Երեկ գյուղով հավաքվել էինք, որ գայինք Երևան՝ հոգեհանգիստ, բայց հետո իմացանք, որ տարել են Ռուսաստանի Դաշնություն։ Ծնողները հիմա այնտեղ են՝ Ռոստովում։ Դաժան բան է, մեր ամբողջ գյուղը սգի մեջ է»։
Ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Դրանից հետո Թ.Հ.-ն Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
Որոշում է կայացվել քրեական վարույթները 1 վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։
Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:
Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):