Արգենտինայի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Պուերտո Ռիկայի հավաքականի դեմ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ 6։0 հաշվով։
Աշխարհի գործող չեմպիոնների կազմում դուբլ գրանցեցին Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Մակալիստերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոնսալո Մոնտիելը, իսկ Պուերտո Ռիկոյի խաղացող Սթիվեն Էչևարիան դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին մասնակցեց խաղին։ Աստղային հարձակվողը կատարեց երկու գոլային փոխանցում՝ աննախադեպ նվաճման հասնելով Արգենտինայի հավաքականի կազմում։
Մեսսին «ալբիսելեստեների» կազմում կատարեց 60-րդ գոլային փոխանցումը, ինչը միջազգային խաղացողների համար բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդ է։
Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ նա ազգային թիմի կազմում անցկացրել է 195 խաղ՝ խփելով 114 գոլ և կատարելով 60 գոլային փոխանցում։