Երևանի Գնունու շուկայում գտնվող կրպակները, տաղավարները ժամանակին կառուցվել են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեպտեմբերի 30–ի որոշմամբ Արամ Մանուկյան և Սիմոն Վրացյան փողոցների միջնամասում գտնվող կրպակները, տաղավարները քանդելու որոշում է կայացվել, որպեսզի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատվի։
Ըստ որոշման` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու:
«Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման (քանդման) ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,–նշված է փաստաթղթում:
Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայի տարածքում։