Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ութ օր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել, գրում է «Ժողովուրդը»։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։
Պարբերականը նշում է նաև, որ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ նախկին գուղապետ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։
Իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում, սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն և վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները, գրել է «Ժողովուրդը»։