Իրան–Հայաստան` 400 կիլովոլտ լարման գծի կառուցումը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։
Մասնակի միացումից հետո աշխատանքները պիտի շարունակվեն մինչ ծրագրի ամբողջական ավարտը. այն պետք է կառուցվի երկու շղթայով, մինչև Դդմաշեն (Սևան քաղաքի մոտակայքում), որտեղ պիտի կառուցվի ևս մեկ ենթակայան։
«Արդյունքում Իրան–Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա` ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1 000 ՄՎտ–ի։ Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ (երկու շղթայով) և միանա Դդմաշենի ենթակայանին։ Մասնակի ավարտից հետո (մեկ շղթայով մինչև Նորավանի ենթակայան) գծի թողունակությունը կհասցվի մոտավորապես մինչև 500 ՄՎտ»,–ասացին «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ից։
Դդմաշենի ենթակայանը կդառնա մեկ այլ` Հայաստան–Վրաստան բարձր լարման գծի մի մաս, քանի որ Դդմաշենից 400 կիլովոլտանոց գիծը կհասցվի Վրաստանի սահման։ Այստեղ աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Դրանք բաժանված են երեք մասի` Դդմաշենի ենթակայան, Այրումի փոխակերպիչ կայան և բուն գիծը, որն ընկած կլինի դրանց միջև։ Փոխակերպիչ կայանը կկառուցվի սահմանին և կապահովի տարբեր հաճախություններով աշխատող հայկական և վրացական էներգահամակարգերի անընդհատ կապը, որն այժմ հատվածային է, և կավելացնի փոխհոսքերի հնարավորությունը։
Դդմաշենի ու Այրումի մրցույթների ավարտը երկարաձգվել է մինչև նոյեմբեր, իսկ գծի շինարարության մրցույթն օգոստոսին շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։ Երեքուկես տարվա ընթացքում այն պիտի կառուցի 400 կՎ լարման գծեր` մոտ 109 կմ ընդհանուր երկարությամբ։
Նշենք` Հայաստանը դեռևս չունի 400 կՎ լարման հոսանքի գծեր։ Հայաստան–Իրան ուղղության վրա կա 220 կՎ լարման երկու գիծ, իսկ դեպի Վրաստան` 220 կՎ լարման մեկ և 110 կՎ` երկու գիծ։ Հայաստան–Իրան 400 կՎ գիծը կառուցվում է Իրանից տրված վարկով (կառուցման կապալառուն սիրանական ընկերություն է), իսկ դեպի Վրաստան` կառուցվելու է գերմանական KfW բանկի վարկով։ Այդ գծերի կառուցումը Հայաստանին թույլ կտա բազմակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ծավալները։
Հավելենք` Հայաստան–Իրան գծի կառուցման ավարտը մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ Հայաստան–Վրաստան գծի կառուցման մրցույթները, նախագծի անհստակության պատճառով, հապաղել են մոտ տաս տարի։