«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» ՀԿ–ն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո այսօր սկսել են Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն առաքելու լայնածավալ նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։
Ակցիայի առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում։ Ակցիան կընդգրկի շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների, որոնց ավելի քան 140 տոննա օգնություն կբաժանվի։
Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։
Պրոնինի խոսքով՝ սննդի փաթեթների և անձնական հիգիենայի պարագաների հետ մեկտեղ, այս անգամ կլինեն նաև փաթեթներ` նախատեսված փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դրանցում կլինեն մանկական սնունդ (խյուսեր, շիլաներ, քաղցրավենիք) և խնամքի միջոցներ։
«Թիրախային լսարանը ձևավորելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին»,- նշեց «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչը։
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան իր հերթին ընդգծեց, որ նման ակցիաներն ավելի արդյունավետ են, քան պաշտոնական միջոցառումները, քանի որ ցույց են տալիս, որ ժողովուրդների միջև համագործակցության հիմքում ընդհանուր շահերն են, բարեկամությունն ու շփվելու ցանկությունը։
Նա նաև հավելեց, որ մարդասիրական ուղղությունը «Եվրասիա» ՀԿ-ի հիմնական ուղղություններից մեկն է։
«Ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ անել չես կարող», –ասաց Արշինովան։
Նա նշեց, որ «Եվրասիա» ՀԿ-ն վստահության կամուրջներ է կառուցում մարդասիրական նախագծերի միջոցով։
Շուրջ 140 տոննա սնունդը և անձնական հիգիենայի պարագաները կուղղվեն առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեցներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ։ Նրանք կստանան սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթ, որոնք կներառեն ձավարեղեն, մակարոնեղեն, շաքարավազ, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակ։ Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով և տակդիրներով։