Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել:
«Ազատության» տեղեկություններով, հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԷՑ-ի կառավարիչ «գործուղված» Ռոմանոս Պետրոսյանը բավականին մեծ չափի աշխատավարձ է ստանալու. խոսքը մոտ 10 միլիոն դրամի մասին է, որը նա պետք է ստանա յուրաքանչյուր ամիս։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԷՑ-ը «գրաված» Ռոմանոս Պետրոսյանին` պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: «Աշխատավարձիս դրույքաչափը շատ ավելի քիչ է, քան ձեր նշած թիվը։ Ես նաեւ հրաժարվելու եմ ընկերության միջոցներից պարգեւավճարներ ստանալու հնարավորությունից, ինչը վաղուց ընդունված նորմ է եղել բարձր ղեկավարության համար։
Ինձ հետ պարգեւավճարներ չեն ստանա նաեւ մյուս բարձրաստիճան ղեկավարները, որոնք նշանակվել են իմ կողմից, կամ կշարունակեն գործել իմ ղեկավարությամբ», – մեզ փոխանցեց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Ռոմանոս Պետրոսյանը:
Մինչեւ 2018 թվականը նա ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նա գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։ ՊՎԾ նախկին պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։
Ի դեպ, Պետրոսյանը ՊՎԾ պետ դառնալուց հետո 133 հազար դոլարանոց տուն է գնել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Տպավորություն է, թե ամեն ինչ արվում է, որ վարորդները Երևանի կենտրոն չգան. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը` խոսելով երևանյան երթևեկության վերջին փոփոխությունների մասին։
Նշենք` հուլիս 19-ից Երևանի Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը դարձել է միակողմանիմիայն աջ`դեպի Բաղրամյան պողոտա։ Քաղաքային իշխանությունը նախապես հայտարարել էր, որ դրա արդյունքում Սարյան փողոցում կավելանա ևս 1 երթևեկելի գոտի, ինչը թույլ կտա ապահովել ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատություն։
«Երթևեկության կազմակերպումը լուրջ մասնագիտություն է։ Չի կարելի վերցնել մի օր մի բան փոխել, մյուս օրը` մի ուրիշ բան։ Պետք է լինի գիտակ մոտեցում, հաշվարկել տրանսպորտային հոսքերը` օրվա տարբեր ժամերին, խաչմերուկներում լուսացույցների փոփոխման տակտերը»,– նշում է մասնագետը` միաժամանակ կասկած հայտնելով, որ երթևեկության վերջին փոփոխություններն արվել են առանց այս հաշվարկների։ Ապացույցը` քաղաքի կենտրոնում ավելացած խցանումներն են։
Սարյանով երթևեկող վարորդները որոշակի դրական փոփոխություն արձանագրում են, բայց դրա փոխարեն Մաշտոցի պողոտայում խցանումները չեն դադարում անգամ հանգստյան օրերին։
«Սարյանը միակողմանի դարձնելուց առաջ հարկավոր էր հաշվարկել` որն է լինելու այլընտրանքը։ Մի զուգահեռ փողոցը Պռոշյանն է, որտեղ շատ քիչ վարորդներ են բարձրանում, քանի որ Սարյանից շատ է հեռու, մյուսը` Մաշտոցն է։ Ստացվում է, որ տրանսպորտային հոսքի մոտ 45-52 տոկոսը հիմա ընկնում է Մաշտոցի պողոտայի վրա»,– նշում է նախկին ոստիկանապետը` հավելելով, որ նախկինում ոստիկանությունը ձեռնպահ էր մնում Կենտրոնի փողոցներում միակողմանի երթևեկություն սահմանելուց հենց այդ մտավախությամբ։
Ամռան համեմատաբար թեթև երթևեկության պայմաններում արդեն նկատելի խնդիրը, Սամվել Հովհաննիսյանի համոզմամբ, շատ ավելի է բարդանալու սեպտեմբերից, հատկապես որ Սարյան փողոցում 2 դպրոց կա։
«Ո՞նց են այդ դպրոցների երեխաների ծնողները մոտենալու և հեռանալու։ Սրանք գլոբալ հարցեր են, որոնց լուծման համար պետք է ամբողջ տարածքը հաշվարկվի 3-4 խաչմերուկ առաջ ու հետ` իրենց ճյուղավորվող փողոցների հոսքերով, թողունակություններով»,– ասում է ոստիկանության սպան։
Նա նաև մտավախություն ունի, որ աշնանը, հատկապես պիկ ժամերին Մաշտոցի պողոտայի խցանումներին ավելանալու է նաև միակողմանի դարձած Սարյանի խցանումը։ Իր բնորոշմամբ` Սարյանում ձևավորված խցանման «պոչը հասնելու է մինչև Մաշտոցի պողոտա»։
Խնդիրն էլ ավելի է խորացնում Մաշտոցի պողոտայից դեպի ձախ` Պուշկին, Ամիրյան, Խորենացի փողոցներ ավտոմեքենաների երթևեկությունն արգելելը։
«Շատ սխալ են արել։ Մաշտոցի պողոտայի ամենադյուրին ու ամենալավ կազմակերպված խաչմերուկը Մաշտոց–Խորենացի խաչմերուկն էր` լուսացույցերի հավասարաչափ տակտերով ու տրանսպորտային հոսքերի համաչափ ապահովմամբ։ Այնտեղ ընդհանրապես պետք չէր ոչ մի բանի ձեռք տալ»,– նշում է Հովհաննիսյանը` կիսելով վարորդների դժգոհությունը կատարված փոփոխություններից։
Նշենք, որ Մաշտոցի պողոտայից դեպի ձախ երթևեկությունն արգելելու պատճառով, վարորդներն այսօր կամ ստիպված են ամբողջ պողոտան անցնել մինչև Գրիգոր Լուսավորիչ, շրջադարձ կատարել ու վերադառնալ մինչև իրենց անհրաժեշտ խաչմերուկը, կա՛մ նույն փողոցով թեքվել աջ, այնտեղ շրջադարձ կատարել, որպեսզի դրանից հետո կարողանան վերադառնալ և Մաշտոցի պողոտան ուղիղ հատել։ Սա իր հերթին կրկնակի ավելացնում է պողոտայի ծանրաբեռնվածությունը Պուշկին– Գրիգոր Լուսավորիչ հատվածում։
2025 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթը»՝ 32,9 մլրդ դրամ մուտքով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 30,4 մլրդ դրամ մուտքով։ Ցանկի երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 28 մլրդ դրամ մուտքով։ Հայտնում է ՊԵԿ–ը։
Խոշոր հարկատուների ցանկում չորրորդ հորիզոնականում «Արդշինբանկն» է՝ 27,9 մլրդ դրամի հարկային մուտքով, հինգերորդում «Ամերիաբանկը»՝ 21,4 մլրդ դրամի մուտքով։
Այս անգամ գրեթե միշտ «1000 խոշոր հարկատուների» ցանկը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վեցերորդ հորիզոնականում է՝ 20,3 մլրդ դրամի մուտքով։
«Սի Փի Էս Էներջի Գրուպը» ցանկի յոթերորդ տեղում է՝ 12,1 մլրդ դրամի հարկային մուտքով, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» ութերորդում է՝ 11,4 մլրդ դրամի մուտքով։
Իններորդ հորիզոնականում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է՝ ավելի քան 11,2 մլրդ դրամի մուտքով։
«1000 խոշոր հարկատուների» տասնյակը եզրափակում է «Դիջիթեյնը»՝ ավելի քան 11 մրդ դրամի հարկային մուտքով։
Նշենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 միլիարդ 670 միլիոն դրամ:
Ծաղիկ արտադրող ևս 4 ընկերության արտահանման թույլտվություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում դրական եզրակացություն ստացած ընկերությունները կարող են ծաղիկ արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։
Այսպիսով, արդեն 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկները վերաարտահանվում են Ռուսաստան, մեկօրյա ընկերությունների միջոցով արտահանումը՝ հարկերից խուսափելու համար և կարանտին վնասատու օրգանիզմների առկայություն։
ՍԱՏՄ-ն տվյալներ է փոխանցել ռուս գործընկերներին, ըստ որոնց Հայաստան ներմուծվել է միլիոնի չհասնող՝ 300-400 հազար հատ ծաղիկ, արտահանվել է գրեթե 38 միլիոն, ու դա մեզ մոտ աճեցվածն է։
Երրորդ խնդիրը վնասատուների առկայությունն է, ինչի ուղղությամբ էլ հիմա ակտիվ աշխատանք է տարվում։ Հարությունյանի խոսքով՝ տեսչական մարմնի բուժասանիտարական ամբողջ անձնակազմը ներգրավված է գործընթացում։
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Վաղը` հուլիսի 27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մինչև հուլիսի 30-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ին նույնքան կբարձրանա։
Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։
Օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով։ Թե որն է այս համալրման նպատակը, Գյումրիում միայն վարկածներ են շրջանառվում։
Մեկն այն է, որ ՌԴ իշխանությունների հանդարտ պահվածքը՝ Հայաստանը ձեռքից բաց թողնելու հարցով, թվացյալ է, իրականում «ստրախովկա» են անում՝ տարբեր զարգացումներին ընդառաջ։
Ընդ որում, մեզ ասացին, որ գրեթե բացառվում է, որ այդ մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չլինեն։
Պարզապես ՀՀ տիեզերական ինքնիշխանություն ունեցող իշխանությունը համարձակություն չունի խոսելու այդ մասին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668 մլն դոլար։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ արտահանումն այս տարվա առաջին վեց ամիսներին 52,8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 755.6 մլն դոլար։
Միաժամանակ, հունվար-հունիսին երկիր է ներմուծվել 38.6 տոկոսով պակաս արտադրանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Առաջին կիսամյակում ներմուծման ծավալը գնահատվել է 5 մլրդ 913 մլն դոլար։ Հունիսին, նախորդ ամսվա համեմատ, ծավալն աճել է 0.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 001.7 մլն դոլար։ Նախորդ տարվա հունիսի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը կրճատվել է 17.1 տոկոսով։
Թաիլանդի Չանթաբուրի և Թրատ նահանգներում սահմանային պաշտպանության հրամանատարությունը ռազմական դրություն է մտցրել Կամբոջայի հետ սահմանի երկայնքով գտնվող ութ շրջաններում։ Որոշման մասին հաղորդում է The Nation պարբերականը՝ հղում անելով հայտարարությանը։
Փաստաթղթում նշվում է, որ միջոցառումն անհրաժեշտ է «երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար» և ուժի մեջ է մտնում անհապաղ։
Կամբոջայի Օդդար Մյենչե նահանգի վիճելի սահմանային գոտու մոտ հուլիսի 24-ի առավոտյան կամբոջական և թաիլանդական զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել։ Թաիլանդի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածները իրականացնելու համար օգտագործել են կործանիչներ։ Փնոմպենը հաստատել է, որ գործում է ինքնապաշտպանության շահերից ելնելով։ Թաիլանդի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և մեկ զինվոր, 46 մարդ էլ վիրավորվել է։ Երկու երկրներում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները տվել իրենց հայրենակիցներին խորհուրդ են խուսափել երկու հակամարտող պետությունների սահման այցելելուց։
Հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել: Այս մասին գրում է Հետքը:
Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս:
«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում է հուլիսի 18-ին Եվրոպական խորհրդի ընդունած բանաձեւում:
«Շուշա»
Վերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
Ադրբեջանական նավը ԵՄ պատժամիջոցների տակ է հուլիսի 20-ից:
250 մ երկարությամբ եւ 44 մ լայնությամբ «Շուշան» հում նավթի լցանավ (տանկեր) է, որը կառուցվել է 2017 թ. Հարավային Կորեայում: Դրա սեփականատերն ադրբեջանական SA Susha Shipholdings ընկերությունն է, իսկ շահագործողը՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, որը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերության հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է: Սեփականատերն ու շահագործողը գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):
ASCO Shipmanagement AFEZCO-ի հիմնադրումից ընդամենը 5 ամիս անց՝ 2023-ի հունիսին, այս լցանավը սկսել է լողալ ադրբեջանական դրոշի ներքո՝ ստանալով «Շուշա» անունը: Իսկ 2017-2023 թթ. այն նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի տակ եւ կրել «Արիստոկլիս» (Aristoklis) անունը:
Ներկա պահին «Շուշան» լողում է Միջերկրական ծովում (հուլիսի 14-ին դուրս է եկել Թուրքիայի «Նեմրութ» նավահանգստից, ժամանումը վերջնակետ նախատեսված է հուլիսի 27-ին): Ադրբեջանական այս լցանավի նավարկության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն նավարկում է Թուրքիայի (Էգեյան ծովի ափին գտնվող «Նեմրութ» նավահանգիստ) եւ Ռուսաստանի (Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաք, Բալթիկ ծովի ափին) միջեւ:
«Ղարաբաղ»
ԵՄ-ն հուլիսի 18-ին պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ հուլիսի 20-ից) նաեւ ադրբեջանական «Ղարաբաղ» (Karabakh) լցանավի նկատմամբ (IMO համարը՝ 9810513): Հիմնավորումը նույնն է՝ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: