Պակիստանն ունի իր տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նա կարող է պաշտպանվել նաև Հնդկաստանից։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Մենք գոհ ենք նրանով, ինչ ունենք մեր հայրենիքը, մեր հողը պաշտպանելու համար, եթե որևէ կողմից, հատկապես Հնդկաստանից, ներխուժում կամ հարձակում լինի, քանի որ մեր հարևանությամբ այլ թշնամիներ չունենք։ Այսպիսով, եթե հարձակում լինի, մենք նրանց տուն կուղարկենք լիովին բավարարված», – նշել է Ասիֆը։
Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:
Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։
Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը:
Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, որ Վրաստանի հայկական համայնքից՝ Ախալքալաքից, զանգվածային հոսք կա դեպի Հայաստան, սակայն ոչ ներգաղթի նպատակով։
Բանն այն է, որ ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ Ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ռեկորդային ներգաղթ է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ճշտելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում Ախալքալաքից քանի անձ է եկել, հաշվառվել Հայաստանում եւ գրանցվել որպես թոշակառու, եւ Ախալքալաքից Հայաստան եկած ախալքալաքցիները որքան կենսաթոշակ են ստանում ՀՀ բյուջեից։
Նախարարությունից պատասխանեցին հետեւյալը.
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում Ախալքալաքից Հայաստան եկած ախալքալաքցիների կենսաթոշակի նշանակման եւ ստացման վերաբերյալ հաշվառում չի իրականացվում», – ասված է պատասխանում։
Ստացվում է, որ նախարարությունը նման վիճակագրություն եւ տվյալներ չի հավաքում, բայց դա չի նշանակում, որ այդպիսի բան չկա»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը:
Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռեւս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։
Խոսքը ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ բավականին ակտիվ է վերջին տարիներին։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաեւ Բաբայանի թիմի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, ի մասնավորի՝ Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ: Որոշ օրերի պարագայում ՀՀ ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթեր է արձակում:
Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Չնայած այս ամենին, ինչպես և սպասելի է, ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները, չնայած հերքելու բան էլ չկա, կրակոցներն ակնհայտ են:
Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ, ըստ տեղացիների, «մարդիկ իրենց հողամասերը չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են»:
Կրակոցների փաստը հաստատել է նաև քպական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որն իր ՖԲ էջում տեղեկացրել էր, թե երկու օր է՝ գտնվում է Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Պատգամավորը, սակայն, համաձայն չէ, թե տեղի բնակիչները վախեցած են: Ըստ քպական պատգամավորի, բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ: «Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ: Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը»,-գրել է Դանիելյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ:
Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները:
Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը:
Մյուս բոլորին ասվել է` աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք` ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք: Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Հայաստանում, եթե լինի արժանապատվություն ունեցող իշխանություն, կարող Ռուսաստանի հետ նստել բանակցության սեղանին՝ ազնիվ խոսակցությամբ։ Պետք է ճշտել՝ արդյո՞ք Ռուսաստանն ուզում է պահել ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եթե չի ցանկանում, ապա դա այլ խնդիր է։
Առանց Արցախի Ռուսաստանը չի կարող Հայաստանում երկար պահել իր ազդեցությունը։ Հայաստանի նոր իշխանությունը պետք է ժողովրդին ասի, որ Փաշինյանի բոլոր արածները հայ ժողովրդի ու Հայաստանի հետ կապ չունեն։
Պետք է ՌԴ-ին ու բոլորին ասել, որ Արցախը չենք մոռացել, մեր հայրենիքն է ու դրա հետևից գնալու ենք։ Խաղաղ ճանապարհով եթե չստացվի, ոչ խաղաղով ենք գնալու։ ՌԴ-ին պետք է ասել՝ եթե ուզում եք մնալ տարածաշրջանում, եկեք մեր ու ձեր շահերը համադրենք, այդպես եղել է։ Եթե Արցախի հարցը փակում ենք, ՌԴ-ի բաժնետոմսերի գինն այստեղ շատ է ընկնում»,- նշել է Հակոբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Այս մասին Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց ուղղեց էստոնացի լրագրողը։
Լրագրողը նաև դիտարկում արեց, թե Փաշինյանը հիմա Մոսկվայի հետ շփումներում այլևս ստիպված չէ զգուշավոր լինել իր բառերի մեջ, հարց ուղղելով, թե արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց․
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը․ «Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Ինչ վերաբերում է ՌԴ հետ մեր հարաբերություններին, դրանք հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։
Եթե տեղյակ եք, մենք որդեգրել ենք բալասավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ։ Դրա արտահայտություններից մեկը վերջերս ՀՀ-ում ընդունված օրենքն է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ։ Այդ օրենքը մենք դիտարկում ենք նաև որպես լրացուցիչ խթան՝ մեր ժողովրդավարական բարեփոխումների համար»։
Եթե Ռուսաստանն իսկապես ձգտում է դադարեցնել պատերազմի, պետք է անհապաղ համաձայնի առնվազն 30 օրով իրական զինադադարի, այլ ոչ թե սահմանափակվի մայիսի 8-11-ը կարճաժամկետ հրադադարով։ Դրա մասին Ուկրաինայի թելեգրամյան ալիքում հայտարարել է արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «Եթե Ռուսաստանը իսկապես խաղաղություն է ուզում, պետք է անհապաղ դադարեցնի կրակը»։
«Ինչո՞ւ սպասել մայիսի 8-ին, եթե կարելի է մարտական գործողությունները հենց հիմա դադարեցնել՝ ընտրելով ցանկացած ամսաթիվ, և հաստատել 30-օրյա հրադադար, որպեսզի այն իսկապես լուրջ լինի, և ոչ թե սոսկ հանուն շքերթի»,-ընդգծել է Սիբիգան։ Նա նշել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել երկարաժամկետ, հուսալի և լիարժեք հրադադարին։
Վլադիմիր Պուտինը ապրիլի 28-ին հայտարարել է հրադադարի մասին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի։ Ինչպես հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում, հրադադարը կսկսվի մայիսի 8-ի կեսգիշերից և կտևի մինչև մայիսի 11-ի կեսգիշերը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է «մարդասիրական նկատառումներից ելնելով», և սպասվում է, որ ուկրաինական կողմը «կհետևի այդ օրինակին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը եռօրյա հրադադար հաստատելու որոշումը։
«Նախագահը հասկացրել է, որ առաջին հերթին ցանկանում է տեսնել մշտական հրադադար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ ու հավելել, որ Թրամփը դժգոհ է երկու կողմի առաջնորդների գործողություններից։
«Չնայած նախագահը լավատես է, որ կկարողանա համաձայնագիրը կնքել, բայց նաև սթափ է գնահատում իրավիճակը: Երկու կողմն էլ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունից դուրս գալու ելք գտնելու համար»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Լևիթը նաև նշել է, որ Վատիկանում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը վկայում է կարգավորման գործընթացում ԱՄՆ նախագահի լուրջ ներգրավվածության մասին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում:
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։
«Ես աջակցում եմ ամենատաղանդավորներին ու լուսավորներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց երազանքները: Ես նաև աշխատում եմ մշակույթի վերածննդի վրա՝ պահպանելով ժառանգությունը, որպեսզի այն փոխանցեմ նոր սերունդներին: Ահա թե ինչին կուզենայի նվիրել իմ կյանքը»,-եզրափակել է Բիլալ Էրդողանը: