Աշխարհում 1.5 միլիարդ կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 28-ին նա կայցելի Բուրսայի Իզնիկ քաղաք, որտեղ կմասնակցի Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարություններին։
Նախորդ Պապ Ֆրանցիսկոսը, ցանկացել էր անձամբ մասնակցել Իզնիկի Ժողովի 1700-ամյակին և մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր հաջորդը անպայման մասնակցի այդ միջոցառմանը։
Պապի այդ պատմական այցի ընթացքում ակնկալվում է, որ Իզնիկ կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ միջոցառումները կհեռարձակվեն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում։
Նշվում է, որ դա կլինի 5-րդ պապական այցելությունը Թուրքիա՝ սկսյալ 1967 թվականից։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 383.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450.5 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.69 դրամ:
2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (18751957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ուսումը շարունակել Հառիճի վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
18931895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում:
1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երգեր ու վերքեր» խորագրով:
1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝ համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:
Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:
1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:
1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ, Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։ Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակը:
Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:
Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2025։
«Կապիտուլյանտների «Կարթագենը պետք է կործանվի»։
Հին Հռոմում մի իմաստուն կոնսուլ ,իսկ հետագայում ցենզոր կար՝ Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը ,որն իր յուրաքանչյուր խոսք ավարտում էր այսպես՝ Կարթագենը պետք է կործանվի։
Ես ո՜չ իմաստուն եմ եւ ո՜չ էլ կոնսուլ, բայց ասում եւ ասելու եմ՝ «Նիկոլիզմի Կարթագենը պետք է կործանվի»։
Հայաստանը չպետք է դառնա վիլայեթ»։
Երեկ Արսեն Թորոսյանի հետ հանդիպում ունեցած թուրք նախարարը երդվյալ ու սկզբունքային հակաhայերից մեկն է, այս մասին հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն էր։
Մի խոսքով՝ տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է։
Իսկ ինչու՞ հանկարծ հիշեցի այս տիկնոջը։ Երեկ ՀՀ դե-ֆակտո նախարարներից մեկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգևորությամբ տարածել այդ մասին լուրը։
Այն, որ նմանատիպ օրակարգ չկա, պարզ է ցանկացած սթափ մարդու։
Այն, որ երդվյալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնյակ գերիներ ու Հայաստանի գրավված տարածքներ կան, սխալ է, դա ևս պարզ է։
Սակայն ավելի էական է հետևյալը. իմ կանխատեսումով առաջիկա ամիսներին (մինչև ընտրություն) իբր հաստատված խաղաղության ու «հայ-թուրքական բարեկամության» կեղծ փուչիկը մեր աչքին էլ ավելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամեն միջազգային հարթակում փորձելու են գոնե նկարվել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։
Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայությունն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարությունը երեկվա հանդիպման մասին նույնիսկ սոցցանցային գրառում չի արել, թեև այլ հանդիպումների անդրադարձել է։
Մի խոսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին»,- նշել է նա։
Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որքանո՞վ է այն համապատասխանում ժամանակի պահանջներին։
– Թուրքիայի հայերը մշտապես աջակցել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն երկու երկրի հարաբերությունները պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել, քանի որ խոսքը 100 տարվա թշնամանքի մասին է։ Մեծ հաջողություն է նույնիսկ խաղաղության մասին խոսելը, ձեր գալը, դռները բացելը, ճանապարհները, սահմանները, դիվանագիտական հարաբերությունները վերսկսելը։ Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Իհարկե, ցանկանում ենք, որ շուտ լինեն, բայց պետությունների կյանքը, ազգային կյանքը հազարավոր տարիներով է չափվում։ Հետևաբար այս գործընթացը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, ըստ իս` ճիշտ ընթացքով է գնում։ Միշտ աջակցել ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք այսպես ասած հատուկ տեղ ունենք հայ աշխարհում։ Մենք ո՛չ արցախահայ ենք, ո՛չ սփյուռքահայ, այլ հայկական այն մասնիկն ենք, որ Ցեղասպանությունից հետո մնացել ենք Թուրքիայում, ապրել ենք Թուրքիայում, լեզու գտել և պահպանել ենք մեր հաստատություններն ու կառույցները մինչև այսօր։
Այլընտրանք չկա, քանի որ խաղաղության դեպքում երկու կողմն էլ շահում են, թշնամության դեպքում` կորցնում։ Լինում է, որ անցյալը պետք է մոռանաս։ Դեռևս ամբողջությամբ չենք կարող մոռանալ, բայց պետք է նորը կերտելու համար նորին դիմես։ Հետևաբար այդ իմաստությունն են ունեցել այստեղի հայերը, և դրա շնորհիվ պահպանել ենք մեր կառույցները, մեր հայկական կյանքը Թուրքիայում։ Սա, օրինակ, դաս է Հայաստանի և սփյուռքի համար։ Նայեք դեպքերին, որոնցից 100 տարուց ավելի է անցել. ո՛չ հայերն են այդ ժամանակվա հայերը, ո՛չ թուրքերն են այդ ժամանակվա թուրքերը։ Հետևաբար նոր պայմաններ են եկել, որոնց համաձայն` պետք է կերտենք մեր քայլերը։ Անցյալի համար չենք կարող ապրել։ Անցյալից դասեր կքաղենք, մենք մեր օրերով պետք է ապրենք, և մեր օրերը ստիպում են, որ կողմերը լավ հարաբերություններ ունենան։ Այսինքն՝ կա՛մ որպես թշնամիներ իրար դեմ կկանգնենք, կա՛մ իրար բարեկամ կդառնանք։
– Թուրքիայում էլ կա՞ հայերի հետ բարեկամանալու նման պատրաստակամություն։
– Պատրաստակամություն թուրքական հասարակության մեջ կա, օրինակ՝ թուրքերենով հայկական հարցի մասին գրքերի պահանջարկը մեծ է։ Թուրքիայի հասարակությունը հույս ունի, որ ճանապարհները կբացվեն, կբարեկամանան։ 30 տարվա ընթացքում առնվազն 200 000 հայ եկավ Թուրքիա ու գնաց, նրանք տեսան, թե թուրքերը ինչպիսին են, ինչպես կարելի է հարաբերվել։ Հավանաբար թուրքական կառավարության այսպես ասած ճկունություն էր, որ այստեղ ապրող հայաստանցիները որևէ վատ վերաբերմունք չտեսան՝ «հայաստանցի» ասելով, «հայ» ասելով։ Հայկական կողմի նկատմամբ վստահություն է ստեղծվել, այսինքն՝ նրանք ճանաչեցին, թե հայը ով է, իսկ հայաստանցիները ճանաչեցին, թե թուրքը ով է։
Հետևաբար հաշտությունը դիվանագիտական մակարդակից ժամանակի ընթացքում կիջնի կրթական մակարդակի։ Այսինքն՝ թե՛ թուրքերը, թե՛ հայերն իրենց դասագրքերում բարեկամությունը սնուցող տարրեր պետք է մտցնեն, որը ժամանակ է պահանջում, որովհետև երկու ազգն էլ իրենց ազգային ինքնությունը հիմնել են թշնամության վրա։ Այսինքն՝ եթե Հայաստանում մեկին «թուրք» ես ասում, դա կռվի պատճառ է, այստեղ էլ, եթե երկու թուրք կռվում են, մեկը մյուսին «էրմենի» (հայ) է ասում, նրանք էլ վատ են ընդունում։ Մենք պետք է բարեկամությամբ տասնյակ տարիներ ապրենք, որպեսզի այն հեքիաթ դառնա։ Մենք թուրքերի հետ միասին ապրելու 1000-ամյա փորձ ունենք։ Ուրեմն այս 1000 տարվա ընթացքում միշտ վատ բաներ չեն եղել, չէ՞։ Լավ բաներ են եղել, և այդ լավ բաները պետք է առաջին պլան մղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին։
Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով, որ ես նույնպես ընդգրկված եմ եղել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում և մենք համատեղ ծավալել ենք արդյունավետ գործունեություն Եվրոպայի խորհրդի չափանիշները պաշտպանելու և առաջ մղելու գործում, դիմում եմ ձեզ որպես Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) անդամ ուժի՝ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ, նախկին գործընկեր և իրավապաշտպան։
Տեղյակ եմ, որ երեկ հանդիպել եք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուստի ցանկանում եմ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը, քանի որ վստահ չեմ, որ այդ հարցերը բարձրաձայնվել են նրա կողմից։
2025թ. հունիսի 17-ից ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը՝ միայն հարցազրույց տալու համար։ Նրա հարցազրույցը միտված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, և հենց այդ պատճառով նա այժմ պահվում է նախկին Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (հայ ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի «պոդվալ»)։ Սամվել Կարապետյանի փաստաբանների բոլոր բողոքները ընդդեմ ապօրինի կալանքի մերժվել են վերադաս դատարանների կողմից, իսկ միջնորդությունները նրա կալանքը որևէ այլընտրանքային խափանման միջոցով փոխելու վերաբերյալ նույնպես մերժվել են։ Օգոստոսի 15-ին Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը նույն ապօրինի մեղադրանքի հիմքով ևս երկու ամսով երկարացվել է։
Հունիսի 28-ից նույն կալանավայրում է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Միքայել սրբազանը վարչապետի իմպիչմենթի գործընթացի շրջանակում խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է և ունի 36 պատգամավորի ստորագրություն։ Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր բողոքները ընդդեմ ապօրինի կալանքի, ինչպես նաև դատաքննության ընթացքում ներկայացված միջնորդությունները ևս մերժվել են։
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը Աջապահյանին մեղավոր է ճանաչել հարցազրույց տալու համար, որը փորձ է արվել տեղավորել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումների մեջ։ Հանրային մեղադրողը միջնորդել է դատարանին որպես պատիժ կիրառել 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Հոկտեմբերի 3-ին դատարանը պետք է հրապարակի Միքայել սրբազանի նկատմամբ նշանակվող պատժի չափը։
Ի՞նչ է սա, եթե ոչ ազատ խոսքի համար քաղաքական հետապնդում և խոսքի ազատության կոպտագույն սահմանափակում։ Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայի խորհրդի երեք հիմնարար արժեքների խախտում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության։
Հարգարժան գործընկերներ,
ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում տիրող իրավիճակի վրա և կոչ եմ անում չդառնալ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Տեղի ունեցող զարգացումները կոպտորեն ոտնահարում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
Խնդրում եմ պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Լիահույս եմ, որ այս նամակից զատ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպել Ստրասբուրգում, որտեղ ավելի մանրամասն կներկայացնեմ այս քաղաքական հետապնդումների փաստերը և Հայաստանի Հանրապետության ետընթացի այլ դրսևորումները ժողովրդավարության հիմնարար չափանիշների տեսանկյունից։
Հարգանքով,
ԼՀԿ նախագահ
Էդմոն Մարուքյան
ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը կեսգիշերին, այն բանից հետո, երբ Կոնգրեսը և Սպիտակ տունը չեն կարողացել համաձայնության գալ դաշնային ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է NBC news-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները, սակայն նրան անհրաժեշտ է դեմոկրատների աջակցությունը՝ Սենատում օրինագիծն ընդունելու համար, որտեղ անհրաժեշտ է 60 ձայն։ Երկու կուսակցություններն էլ չկարողացան մշակել երկկուսակցական օրինագիծ, քանի որ Սենատը մերժեց և՛ Հանրապետական կուսակցության, և՛ դեմոկրատների առաջարկները՝ կառավարության փակման վերջնաժամկետից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Կարգավորման հստակ ուղի չկա, քանի որ երկու կողմերն էլ հիմնարարորեն տարաձայնություններ ունեն փակուղու լուծման վերաբերյալ։
Սա, հավանաբար, կհանգեցնի հարյուր հազարավոր աշխատողների չվճարվող արձակուրդի, և շատ կառավարական ծրագրեր ու ծառայություններ կդադարեցվեն։
Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հայտարարել է, որ ամեն օր մոտ 750,000 աշխատակից կհայտնվի արձակուրդում, մինչդեռ մյուսները, ովքեր աշխատում են կարևոր աշխատանքներում, ինչպիսիք են Տրանսպորտային անվտանգության վարչության գործակալները, օդային երթևեկության կարգավարները, դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցները և զինվորականները, ստիպված կլինեն աշխատել առանց վարձատրության։
Իրան–Հայաստան` 400 կիլովոլտ լարման գծի կառուցումը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։
Մասնակի միացումից հետո աշխատանքները պիտի շարունակվեն մինչ ծրագրի ամբողջական ավարտը. այն պետք է կառուցվի երկու շղթայով, մինչև Դդմաշեն (Սևան քաղաքի մոտակայքում), որտեղ պիտի կառուցվի ևս մեկ ենթակայան։
«Արդյունքում Իրան–Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա` ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1 000 ՄՎտ–ի։ Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ (երկու շղթայով) և միանա Դդմաշենի ենթակայանին։ Մասնակի ավարտից հետո (մեկ շղթայով մինչև Նորավանի ենթակայան) գծի թողունակությունը կհասցվի մոտավորապես մինչև 500 ՄՎտ»,–ասացին «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ից։
Դդմաշենի ենթակայանը կդառնա մեկ այլ` Հայաստան–Վրաստան բարձր լարման գծի մի մաս, քանի որ Դդմաշենից 400 կիլովոլտանոց գիծը կհասցվի Վրաստանի սահման։ Այստեղ աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Դրանք բաժանված են երեք մասի` Դդմաշենի ենթակայան, Այրումի փոխակերպիչ կայան և բուն գիծը, որն ընկած կլինի դրանց միջև։ Փոխակերպիչ կայանը կկառուցվի սահմանին և կապահովի տարբեր հաճախություններով աշխատող հայկական և վրացական էներգահամակարգերի անընդհատ կապը, որն այժմ հատվածային է, և կավելացնի փոխհոսքերի հնարավորությունը։
Դդմաշենի ու Այրումի մրցույթների ավարտը երկարաձգվել է մինչև նոյեմբեր, իսկ գծի շինարարության մրցույթն օգոստոսին շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։ Երեքուկես տարվա ընթացքում այն պիտի կառուցի 400 կՎ լարման գծեր` մոտ 109 կմ ընդհանուր երկարությամբ։
Նշենք` Հայաստանը դեռևս չունի 400 կՎ լարման հոսանքի գծեր։ Հայաստան–Իրան ուղղության վրա կա 220 կՎ լարման երկու գիծ, իսկ դեպի Վրաստան` 220 կՎ լարման մեկ և 110 կՎ` երկու գիծ։ Հայաստան–Իրան 400 կՎ գիծը կառուցվում է Իրանից տրված վարկով (կառուցման կապալառուն սիրանական ընկերություն է), իսկ դեպի Վրաստան` կառուցվելու է գերմանական KfW բանկի վարկով։ Այդ գծերի կառուցումը Հայաստանին թույլ կտա բազմակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ծավալները։
Հավելենք` Հայաստան–Իրան գծի կառուցման ավարտը մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ Հայաստան–Վրաստան գծի կառուցման մրցույթները, նախագծի անհստակության պատճառով, հապաղել են մոտ տաս տարի։