Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:
«Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- նշել է իրանցի դիվանագետը:
Մորթեզա Աբեդինը ընդգծել է, որ խնդիրը որևէ առնչություն չունի ներկայիս պատերազմական իրավիճակի հետ:
«Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները: Այս խնդիրը երկար ժամանակ քննարկվում է հայկական կողմի հետ: Շատ հնարավոր է՝ իրանական կանգառում որևէ դեպք պատահի. բազմիցս են դեպքեր եղել: Շատ հաճախ մեծ դժվարությամբ է հաջողվում գտնել բեռնատարների վարորդներին և խնդրին արագ լուծում տալ:
Իրանական կողմի առաջարկն է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, թեպետ հայկական անցակետն էլ կայանատեղիի և ընդունելության սահմանափակումներ ունի. օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում ընդունել:
Հայաստանի անցակետի աշխատակիցները մի քանի օր առաջ այցելեցին իրանական անցակետ, մոտիկից ծանոթացան խնդիրներին, կանգառի տարողությանը: Իրանական կողմը այս դեպքում առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: Երբ հայկական բեռնատարների կայանատեղին համեմատաբար դատարկվի, այդ ժամանակ էլ հայկական անցակետի թողունակությանը համապատասխան որոշակի քանակով մեքենաներ բաց կթողնեն դեպի Իրան:
Սա երկու առավելություն ունի. նախ՝ հայկական բեռնատարները անտեղի չեն սպասի իրանական կանգառում և խնդիրներ չեն ունենա: Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կբարձեն իրենց բեռը և հաջորդ օրը դուրս կգան կայանատեղիից: Սա կարճ- համառոտ բացատրություն է մեր երկկողմանի հանդիպումների արդյունքից: Մեր նպատակն է երկկողմանի անցակետերում բեռների առավելագույն արտահանում և ներմուծում իրականացնել, ինչպես նաև վարորդների համար հարմարավետ միջավայր ստեղծել: Այս պահին Հայաստանի և Իրանի անցակետերում լայնածավալ շինարարություն է ընթանում և դա նաև բացասաբար անդրադառնում բեռների տեղափոխման գործընթացի վրա»,- նշել է ԻԻՀ հյուպատոսը:
Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը: շ
Արաղչին Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը:
Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ:
«Հունիսի 19-ին ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան, որոնք հունիսի 2-ին ձեռք են բերվել Ստամբուլում, ռուսաստանցի զինծառայողների մի խումբ է վերադարձվել Կիևի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքից: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ», – ասել են պաշտպանության նախարարությունում:
Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։
Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։
Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է և հայրենասպան։
Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։
Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին և հիմնական էտապն ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի։
Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, մի տարվեք անհատական խաղով, ակումբային տրամաբանությունից դուրս եկեք և մտեք հավաքականի տրամաբանության մեջ։
Այսքանից հետո խոսելն այլևս գործ չէ։ Կպնենք իրական գործին։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
06.19.2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․
«3 օրով պիտի մեկնեի երկրից: Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ, թողեցին միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն փակվեց և բնականաբար բաց թողեցի թռիչքը:
Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում»,- գրել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի վրա հարձակվելու ծրագրի հաստատման մասին հրապարակումը։
The Wall Street Journal-ը պատկերացում չունի, թե ես ինչ եմ մտածում Իրանի մասին»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ ինքը հաստատել է Իրանի վրա հարձակվելու ծրագիրը, բայց դեռ հրաման չի տվել՝ պարզելու, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։
Քաղաքական պատճառներ չկային, այդ ուղին չօգտագործելու փաստական հիմքեր չկային, խոչընդոտներ չկային։ Դրա մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին օրերից չի օգտագործել Հայաստանով անցնող երթուղին։
«Այս ուղին նախկինում պարզապես չէր օգտագործվում, բայց միևնույն ժամանակ օգտագործվում էր Ադրբեջանի տարածքը հատող անցումը, որն օգտագործվում էր, հաշվի առնելով, որ արդեն իսկ փորձ կար։ Հենց որ առաջին լարվածությունն անցավ, սկսեցինք օգտագործել այն, այդ թվում՝ Հայաստանի տարածքով անցումը։
Մենք գիտենք, որ պատմականորեն երբեք չի եղել իրավիճակ, երբ հայ բարեկամներն ու գործընկերները մերժել են թույլատրել անցումը, երբ դա անհրաժեշտ է եղել մարդասիրական նպատակներով։ Կասկած չկար, որ ամեն ինչ կստացվի։
Պարզապես լոգիստիկ առումով այդ ժամանակ կոնկրետ հատվածի հետ աշխատելու ավելի շատ փորձ կար։ Եվ հիմա հայկական կողմից անցման հնարավորություններն արդեն օգտագործվել են, ինչի համար նաև շնորհակալ ենք մեր հայ ընկերներին և գործընկերներին», -ընդգծել է Զախարովան։
ԻՀՊԿ-ն հայտնում է, որ հարձակումների նոր ալիք է սկսել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական օբյեկտների վրա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը տարածում են իրանական գործակալությունները։
Նշվում է, որ հարվածներն ուղղված են նաև Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերին։
Մինչ այդ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանը ռազմական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ կասետային զինամթերքով հրթիռ է կիրառել։
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը։
Ռոբերտ Քոչարյան
19.06.2025թ.