Երկիրը պետք է պաշտպանի իր սահմանները, բայց դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել այլ երկրների և կազմակերպությունների հետ։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք արդեն համատեղ ծառայություն ենք իրականացնում Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մենք ինքներս ենք ծառայությունն իրականացնում։ Իրանի հետ սահմանային կետը 100%-ով գտնվում է հայ սահմանապահների հսկողության տակ: Այս գործընթացը շարունակվելու է»,- նշեց նա։
Փաշինյանը դա անվանեց երկու երկրների կամքի խնդիր, և քանի դեռ կա համագործակցելու կամք, Հայաստանը կհամագործակցի։ «Եթե ինչ-որ բան փոխվի, սա էլ կփոխվի։ Մենք այս պահին համատեղ ծառայություն ենք իրականացնում, և չեմ բացառում, որ այս համատեղ ծառայության շրջանակները կընդլայնվեն»,- եզրափակեց նա։
ԱԺ դռնփակ լսումների ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանն անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպման հրավիրել էին նաև ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ այդ պահանջով Ամանորից առաջ ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան:
«Ժողովուրդ» գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ստորացուցիչ պայմաններ է ստեղծել տուժած ծնողների համար:
«Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից»,– գրում է թերթը:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Նա հրավիրել է Երևանի քննչական վարչության պետ Հովհաննես Վարդանյանին, որը եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Վարդանյանը հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Ալեն Սիմոնյանը բղավել է ծնողների վրա՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, սակայն ծնողները բղավել են նաև նրա վրա:
Արդյունքում ծնողների մի մասը ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու:
Ի դեպ, ծնողները դժգոհել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար:
Ծնողների հետ հանդիպումն ավարտվել է մեկ ամիս անց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, իր առաջին ելույթում հայտարարել է անցումային կառավարության ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի ողջ տարածքը, այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Առաջիկա ժամանակաշրջանում մենք կկենտրոնանանք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի ավարտը` մեկ հողի վրա մեկ իշխանության ներքո։ Կաշխատենք ձևավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց և երիտասարդների շահերը», - ասել է ալ-Շարաան։
Նա ասել է, որ կառավարությունը պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ինստիտուտների ստեղծման համար՝ մինչև ազատ և արդար ընտրությունների փուլը և ապահովելու, որ քաղաքական գործընթացն իրականացվի օրենքի գերակայության շրջանակներում։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` ՔՊ ծանր հրետանի համարվող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չի հաշտվում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման հետ։ ՔՊ-ականների պնդմամբ՝ վերջինս մտերիմ շրջապատում դժգոհել է, թե Անոյին հանելը դարձել է հայոց հարցը, սակայն այս հարցում դեռ «զենքերը» վայր չի դնում:
Չար լեզուներն ասում են՝ վերջինս անգամ դիմել է ԲԿ ղեկավարների օգնությանը, բայց՝ ապարդյուն, ոչ մի ղեկավար գլուխ չի դնում նրա հետ, ու առաջնորդվում են «շառից հեռու» տրամաբանությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 31-ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հարձակումները» Հայ առաքելական եկեղեցու վրա վկայում են ներկայիս իշխանության և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջև առկա անձնական խնդիրների մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգև Բարսեղյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հռետորական հարց է հնչեցրել` ինչո՞ւ հայ եկեղեցին հարկ չի վճարում, երբ մոմ է վաճառում:
«Դժվարանում եմ միանշանակ ասել, թե տվյալ դեպքում ինչի են ձգտում իշխանությունները։ Հայաստանի ներկայիս իշխանությունների քայլերը երբեմն տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ակնհայտ է, որ սա կա՛մ կանխամտածված, նպատակաուղղված քաղաքականություն է, կա՛մ երկրի օրենսդրության տարրական չիմացության արդյունք»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` Հայաստանում պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունների մասին օրենքով, որտեղ հստակ ձևակերպված են եկեղեցու գործունեության շրջանակը, նրա իրավունքներն ու պարտականությունները: Բացի այդ, հատուկ շեշտված է, որ ծիսական նշանակության եկեղեցական պարագաների (այդ թվում՝ մոմերի) արտադրությունն ու իրացումը չի հարկվում։
Այսպիսով, Բարսեղյանը եզրակացնում է, որ գլոբալ առումով պետություն-եկեղեցի հարաբերություններում որևէ վիճելի հարց չկա: Բոլոր խնդիրներն անձնավորված են, ավելի շուտ դրանք կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի կառավարության ղեկավարի անձնական վերաբերմունքի հարթության մեջ են։
«Ես չեմ հիշում որևէ ժամանակաշրջան մեր եկեղեցու պատմության ողջ ընթացքում, նույնիսկ Օսմանյան կայսրության տարիներին, արաբական կամ պարսկական տիրապետության տարիներին, որ Հայ առաքելական եկեղեցուն փորձեն զրկել արտոնյալ պայմաններով սեփական կրոնական ատրիբուտներն արտադրելու իրավունքից»,-նկատում է փորձագետը:
Անդրադառնալով եկեղեցիների հարկման հարցում համաշխարհային փորձին՝ Բարսեղյանը նշեց, որ Արևմուտքում ևս գործում են ՀՀ օրենքների նման օրենքներ, ըստ որոնց եկեղեցական մոմերը, ինչպես և Հայաստանում, տնտեսական գործունեության արդյունք չեն համարվում և չեն հարկվում: Բացի այդ, ինչպես նշեց կրոնագիտության ամբիոնի վարիչը, Եվրոպայի շատ զարգացած երկրներում առանձնահատուկ վերաբերմունք կա եկեղեցիների նկատմամբ, դրանք նույնիսկ պետբյուջեից հատկացումներ են ստանում։
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի սեփականության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջիկա այցը թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ միգրացիան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
Իր երդմնակալության օրը Թրամփն ասել է, որ ամերիկյան նավերի համար «լուրջ վճարներ են գանձվում և դրանց հետ ամեն կերպ անարդարացի են վարվում»՝ նշելով, որ «առաջին հերթին Չինաստանն է ղեկավարում Պանամայի ջրանցքը»: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է պահանջել վերադարձնել ջրանցքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյում: Այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը եւ հետեւողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։
Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից»։
«Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.
– Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
– Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,
– Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,
– Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,
Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։
Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
30 հունվար 2025թ.»։