Մեր ընդդիմությունն ասում է՝ վա՜յ Կիկոս ջան. Փաշինյան
Օգոստոսի 28, 2025

Մեր ընդդիմությունն ասում է՝ վա՜յ Կիկոս ջան. Փաշինյան

Օգոստոսի 8-ից առաջ էլ, բայց օգոստոսի 8-ից հետո հատկապես ավելի ակնհայտ է դառնում, թե ինչ մեծ դեր ունի Կիկոսի մահը մեր սոցիալ հոգեբանության և մտածողության ձևավորման գործում։  Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպե՞ս է գործելու «Թրամփի ուղին»։

 

«Հիմա ասենք, օրինակ, երբ հեռուստացույց միացնենք և հարցազրույցներին հետևենք, մենք տեսնում ենք Կիկոսի մահի ամենատարբեր վարկածներ,  նորանոր մշակումներ՝ «Բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան»։ Հիմնականում այս վերջին հատվածն է, նույնիսկ այն առաջին հատվածը կարճ են կապում, հիմնականում երբ որ միացնում ես, մեր ընդդիմությունը և ընդդիմությանը հարակից ուժերի հիմնական ասելիքը հետևյալն է՝ վայ Կիկոս ջան։

 

Դա մեծ փաստաթուղթ չէ, այնպես չի, որ հատորներով, մեզ անծանոթ լեզուներով, դա ընդամենը հինգ կետանոց փաստաթուղթ է, և այդ հինգ կետանոց փաստաթղթում գրված է հինգ արտահայտություն, որոնք առանցքային են ձեր բոլոր հարցերին ի պատասխան։ Որո՞նք են դրանք՝  տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն։ Ասում են՝ էս մեկը սենց ասեց, էն մեկը սենց ասեց, Թուրքիայում դեսպանը սենց ասեց, Եվրոպայում որևէ մեկը սենց ասեց, Ռուսաստանում այսպես ասեցին, Ադրբեջանում այսպես ասեցին, Թուրքիայում այսպես ասեցին։ Հայաստանի այս մի փորձագետը սենց ասեց։ Ով ինչ ուզում է ասի, եթե այս հինգ տերմինի շրջանակից, թեկուզ մի միլիմետր դուրս է, դա իրականության հետ չի կարող որևէ կապ ունենալ։ Այն, ինչ որ այդ հինգ տերմինի գծած գծից ներս է, ամեն ինչ էլ քննարկելի է և հնարավոր է։ 

Ես նույնիսկ Վաշինգտոնում այդ հարցին պատասխանեցի, այ, իսկ որ այսպես լինի, ո՞նց կլինի, իսկ որ այնպես լինի, ո՞նց կլինի։ Մենք չենք կարող մոդելավորել բոլոր հնարավոր տարբերակները։ Մենք մոդելավորում ենք այն շրջանակը, ցանկացած տարբերակ պիտի մոտեցնենք այդ շրջանակին, այդ շրջանակի մեջ տեղավորվում է, կարող է տեղավորվի, չի տեղավորվում՝ ուրեմն դա ընդհանրապես քննարկելի էլ չի։

Մենք հիմա ոչ մի բան չենք քննարկում, որովհետև օգոստոսի 8-ից հետո այս թեմայով առարկայական որևէ քննարկում չի եղել, որովհետև մենք պայմանավորվել ենք, նախ այցերի իրադարձությունների խնդիր կա և մենք սեպտեմբերից կսկսենք քննարկումները ավելի առարկայական և ԱՄՆ–ի հետ իրենց մասով, Ադրբեջանի հետ էլ իրենց մասով։

 

Քանի որ ամենատարբեր վերսիաներ կարող են լինել Կիկոսի մահի նորանոր մշակումներ, բայց եթե Կիկոսի մահը տեղավորվի այս հինգ տերմինի շրջան, իսկ Կիկոսի մասը չի կարող տեղավորվել այն պարզ տրամաբանությամբ, որ ինքը Կիկոսի մահն է, ցանկացած բանաձև, որ տեղավորվի այս հինգ տերմինի մեջ մենք, մեզ համար քննարկելի է դա։

Rate this item
(0 votes)

Լրահոս