Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, հայտնել է Ստամբուլի «Ակոս» թերթը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Արմեն Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ մակարդակում, այնպես էլ համագործակցությունը միջազգային հարթակներում:
ուցիան Պիետժչիկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար: Հավելել է նաև, որ լեհական կողմը պատրաստակամ է կիսվել Հայաստանին հետ իր լավագույն փորձով:
Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել և մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Իրանի զինված ուժերը, հարվածների նոր ալիքի շրջանակում, Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ են արձակել, հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցների թելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերի՝ հարված է հասցվել Հայֆա քաղաքին:
Ավելի վաղ «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել հրեական պետության թիրախներին։ Նախորդ հրթիռային հարվածը հասցվել է այսօր առավոտյան։
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
Ասված է ՆԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն և Սրբազան պայքարը հայտարարություններ էին տարածել իրենց կուսակիցների և կողմնակիցների զանգվածային ձերբակալութունների մասին։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ես՝ Էթերի Կարապետյանս, այս ուղերձով ցանկանում եմ հստակ ասել՝ մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։
Մենք երբեք չենք շեղվել մեր արժեքներից։ Անկախ ժամանակներից, մենք գործել ենք լուռ, բայց հետևողական՝ օգնելով և կառուցելով։ Մենք մեր նվիրումն ու հավատքը չենք դնում ցուցադրման, բայց երբ փորձ է արվում խեղաթյուրել մեր նպատակներն ու գործը, լռելը դառնում է անթույլատրելի։
Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետև հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը, և համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսքեր։
Մենք չենք վախենում ճշմարտությունից։ Բայց մենք պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն։
Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլ վաղվա սերունդների առջև։
Թող Աստված պահի մեր ժողովրդին։ Եվ թող սերն ու հավատը լինեն մեր ազգի միասնության հիմքը»։
Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում, որի ուժգնությունը զիջում է միայն այս տարվա սկզբին տեղի ունեցած երկու բռնկմանը, ուրբաթ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Ակտիվ արեգակնային № 4114 շրջանը, որն այս շաբաթ Արեգակի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերի կիզակետն էր, գիշերն առաջացրել է ևս մեկ պայթյուն, որը հունիսյան ակտիվության ալիքի ամենամեծ պայթյունն էր», - ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մոսկվայի ժամանակով ժամը 02:50-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնության բռնկում, որին, ընդունված միջազգային դասակարգման համաձայն, շնորհվել է X1.9 մակարդակը։ Սա նշանակում է, որ սա 2025 թվականի երրորդ ամենահզոր բռնկումն է՝ մայիսի 14-ի (X2.7) և փետրվարի 23-ի (X2.0) բռնկումներից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կասպյան տարածաշրջանի վրա կախված է միջուկային սպառնալիք, և Մոսկվան ջանում է Իրանի ու Իսրայելի միջև լարվածությունը վերադարձնել բանակցային դաշտ։ «Կասպյան տարածաշրջանը մի քանի պետությունների տուն է, այդ թվում՝ նաև մեր։ Դա մեզ ուղղակիորեն է վերաբերում», — ընդգծել է Զախարովան՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
Նա նաև հիշեցրել է Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի աղետը, նշելով, որ անգամ տեղային իրադարձությունները կարող են ունենալ սահմանից դուրս հետևանքներ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել իրանա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկված առաջարկների գոյության մասին, գրում է Лента.ру-ն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և մի շարք բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ բանակցություններ են վարում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ Իրանի դեմ հարձակումներին ԱՄՆ-ի հնարավոր միանալու ֆոնին, հայտնել Է Jerusalem Post թերթը:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և իսրայելցի այլ պաշտոնյաներ հանդիպել են Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Հանդիպումը կայացել է այն պահին, երբ ԱՄՆ-ն քննարկում էր՝ միանալ Իսրայելին Իրանին հարվածելու հարցում»,-հայտնել Է հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,– ասված է հաղորդագրության մեջ։