«Ցարգրադ»-ի քաղաքական վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության առաջին նախարար Անդրեյ Պինչուկը կարծիք է հայտնել, որ Անդրկովկասյան օրակարգի նկատմամբ վերահսկողության բացակայությունը Ռուսաստանի համար երկարաժամկետ հետևանքներ կունենա։
Նա նշել է, որ Թուրքիան վաղուց է առաջ մղում Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը կապի Նախիջևանի, ապա՝ Թուրքիայի հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանը, որի տարածքով ցանկանում են համապատասխան միջանցք ստեղծել, այս իրավիճակում հայտնվել է առանց ՌԴ-ի աջակցության, որը նաև ձևականորեն մնացել է որպես ՀԱՊԿ-ի դաշնակից, բայց դե ֆակտո դուրս է մնացել օրակարգից։
«Եթե Մոսկվան չվերականգնի անդրկովկասյան օրակարգի նկատմամբ վերահսկողությունը, ապա հետևանքները երկարաժամկետ կլինեն։ Սա արդեն ոչ միայն Երևանի կամ Բաքվի վրա ազդեցության կորուստ է։ Սա տարածաշրջան այնպիսի խաղացողների մուտքի թույլտվությունն է, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Թուրքիան, որոնք չեն թաքցնում իրենց հակառուսական ուղղվածությունը», - ասել է Պինչուկը՝ ավելացնելով, որ խոսքը եվրասիական աշխարհաքաղաքականության առանցքային տարածաշրջաններից մեկից Ռուսաստանին դուրս մղելու մասին է։