Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան
Օգոստոսի 07, 2025

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Պրոֆեսիոնալ ռուսաֆոբների մի խմբակ տարիներով Հայաստանում քարոզել է և շարունակում է քարոզել, որ Մոսկվան Ցարական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության տեսքով գաղութացրել է Հայաստանը, և ընդհանրապես՝ Ռուսաստանը պատմականորեն այնպիսի գաղութային կայսրություն է եղել, ինչպիսին եղել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսպանիան:

Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ռուսները, լինելով միակ ազգը, որը չկայսերական գոյության փորձ չունի, եթե, անգամ, գաղութային քաղաքականություն են իրականացրել, ապա դա շեշտակիորեն տարբերվել է մյուսներից թե ձևի, և թե բովանդակության առումով:

Օրինակ՝ եթե Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում արած լիներ 20 տոկոսն այն ամենի, ինչն արել են իսպանացիները Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում, անգլո-սաքսերը Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում ու Հնդկաստանում, ֆրանսիացիները՝ Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայում, ապա հիմա ուզբեկներն ու թուրքմենները պետք է ուղղափառ քրիստոնյաներ լինեին:

19-րդ դարի վերջերից, երբ Ռուսական և Բրիտանական կայսրությունները պայմանավորվեցին Կենտրոնական Ասիայում ազդեցության գոտիների սահմանն անցկացնել Փյանջ գետով, անցել է շուրջ 150 տարի: Տեսեք, թե նախկին ռուսական գոտիում ինչ կա հիմա, և ինչ կա նախկին բրիտանական գոտիում: Համեմատեք այդ տարածաշրջանում ռուսների ու բրիտանացիների ստեղծած պետությունների և հասարակությունների որակը, և ամեն ինչ պարզ կդառնա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ռուսական գաղութացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, ավելին՝ սովորական տհասություն է: Որովհետև երբեք Ռուսաստանը չի փորձել հայերին հավատափոխ անել, իսկ Արևելյան Հայաստան եվրոպական մշակույթ ու կենցաղ բերել է հենց Ռուսաստանը, ներկայումս արտաքին շուկաներում ճանաչելի միակ հայկական բրենդը՝ հայկական կոնյակը, հիմնադրել է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Որովհետև գաղութը ռեսուրսներ քամելու մասին է, իսկ ռուսները Հայաստանից ռեսուրս չեն տարել, հակառակը՝ բերել են:

Հայաստանում նույնիսկ ճորտատիրական կարգեր չեն ներդրել, ինչը կար Կենտրոնական Ռուսաստանում: Ոչ մի գաղութարար գաղութում համալսարան ու ակադեմիա չի հիմնադրում, ոչ էլ ատոմակայան է կառուցում: Ի վերջո՝ թվեր կան, որոնք խոսուն են. 1828-ին ռուսները վերցրել են Արևելյան Հայաստանը, որտեղ հայերի թիվը շուրջ 97 հազար էր, 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման պահին, 3.5 միլիոնի մոտ էր:

Այսինքն՝ առասպել է, որ Հայաստանը երբևէ ռուսական գաղութ է եղել: Ավելի շուտ՝ լկտի սուտ է: Եթե իսպանացիների համար օրինակ՝ Կուբան գաղութ է եղել կամ անգլիացիների համար՝ Հնդկաստանը, ապա Հայաստանը երբեք Ռուսաստանի համար գաղութ չի եղել, Հայաստանը ռուսական կայսրության (տարբեր անվանումներով) մաս է եղել: Եվ, դեռ մեծ ուսումնասիրության թեմա է, թե ինչպես եղավ, որ ԽՍՀՄ կազմում սոցիալիստական Հայաստանը շատ ավելի ազգային, շատ ավելի ազգայնական և շատ ավելի ինքնիշխան պետություն էր, քան ՄԱԿ անդամ կարգավիճակն ունեցող կապիտալիստական Հայաստանը:

Այո, իսկապես պետք չէ առասպելներ հորինել. Ռուսաստանը ոչ թե որպես նախկին, ներկա կամ ապագա գաղութ է դիտարկում հետխորհրդային տարածաշրջանը (այդ թվում՝ Հայաստանը), այլ իր անվտանգային, քաղաքական, քաղաքակրթական ու տնտեսական կենսագործունեության գոտի: Լավ է, թե վատ է՝ այլ հարց է, գուցե և ճաշակի կամ նպատակահարմարության հարց է, բայց սա իրողություն է:

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու: Վկա՝ ռուս-ուկրաինական պատերազմը, ՀԱՊԿ ուժերով Ղազախստան ներխուժումը, ի վերջո՝ Արցախի հանձնումը… Հայաստանի պարագայում խնդիրն այն է, թե ինչպես ադապտանալ իրողություններին՝ Մոսկվայի զանգերին սպասելո՞վ, թե՞ նախաձեռնողականություն ցուցաբերելով»։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս