Հայաստանի կառավարության որոշմամբ՝ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին որոշման նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ 2029 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել և ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպական ասոցիացիաներից աջակցում են ՀՀ-ի հայտը։ Այնուամենայնիվ, հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է նաև բավարարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են երկրում նման առաջնություն անցկացնելու համար։ Հիմնական պայմանը ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտ ունենալն է։
Նման մարզադաշտների առկայությունը Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ։ Ըստ հաստատված գործողությունների պլանի՝ սահմանվել է ՀՀ 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000։
Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում, իսկ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը, որտեղ արդեն առկա է հին չշահագործվող մարզադաշտ՝ 3000 նստատեղով։ Որոշվել է առկա մարզադաշտը վերակառուցել, կառուցել նոր նստատեղերի հատվածը։
Նախագծման ամբողջ գործընթացը նախատեսվում է իրականացնել 8 ամսում։ Հաշվի առնելով, որ նախագիծն ենթակա է թե՛ պարզ քաղաքաշինական, թե պետական համալիր փորձաքննության՝ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել լավագույն դեպքում 2026թ-ի հունիսի կեսերին։ Համաձայն երկու ընկերություններից ստացված առաջարկների՝ շինարարությունը կտևի 24 ամիս: