Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ Գազայի հատվածի վերաբերյալ կառավարության պլանը, որին աջակցում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պետք է անվտանգության կաբինետին ներկայացվի հինգշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին։ Սպասվում է, որ այն կներառի անկլավի ավելի շատ տարածքների գրավում։
Ծրագրի իրականացման համար գործի կդրվի Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հինգ դիվիզիա։ Այն նախատեսված է հինգ ամսվա համար։
Նաև նախատեսվում է Գազա քաղաքի մոտավորապես մեկ միլիոն բնակչի վերաբնակեցում։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են զգալիորեն մեծացնել Գազայի հատվածի բնակիչներին բաշխվող հումանիտար օգնության ծավալները։
Աղբյուրները նշել են, որ պլանը, հավանաբար, կհաստատվի օգոստոսի 7-ին։
«Իսկական հարցն այն է, թե պլանի որ տարբերակն, ի վերջո, կընդունվի», – հավելել են նրանք։
Միևնույն ժամանակ, հրատարակության երկու զրուցակից պարզաբանել է, որ ԱՄՆ-ից ստացվող ցանկացած առաջարկ անմիջականորեն կազդի Գազայում ԻՊԲ-ի գործողությունների ընթացքի և օգոստոսի 7-ի քննարկումների վրա։
ԻՊԲ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էյալ Զամիրը դեմ է արտահայտվել այս պլանին՝ նշելով, որ այն վտանգի տակ կդնի պատանդներին։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա։ Գրոհի զոհ դարձավ ավելի քան 1200 մարդ, շուրջ 250 մարդ պատանդ վերցվեց։ Ի պատասխան՝ Իսրայելի զինվորականները ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություն սկսեցին Գազայի հատվածում։ Ներկայում իսրայելցի զինվորականները վերահսկում են հատվածի շուրջ 75%-ը։ Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը։