Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու և իրեն փոխանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևանի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:
Լ.Թ.-ն մերժել է եղբոր պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող («օրենքով գող») Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Մ.Թ.-ն նաև համաձայնել է եղբորից անշարժ գույքը ստանալուց հետո բաժնեմասի կեսը տրամադրել Ա.Ի.-ին:
Հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը հետախուզում է հայտարարվել։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ.Թ.-ի նկատմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Ա.Թ.-ի նկատմամբ` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:
Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարան են հանձնվել։