Խափանվել է «Կինժալ» գերձայնային հրթիռով ռուսական ՄիԳ-31 կործանիչի առևանգման ուկրաինական ռազմական հետախուզության և նրա բրիտանացի համակարգողների գործողությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և կանխել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և նրա բրիտանացի համակարգողների գործողությունը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գերձայնային բարձրաթռիչ ՄիԳ-31 կործանիչի առևանգման ուղղությամբ, որը «Կինժալ» գերձայնային ավիացիոն հրթիռը կրող ինքնաթիռն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, ցանկանալով առևանգել ՄիԳ-31 կործանիչը՝ «Կինժալ» գերձայնային հրթիռով, փորձել է հավաքագրել ռուսաստանցի օդաչուներին։
«Օդանավը առևանգելու նպատակով ուկրաինական ռազմական հետախուզության աշխատակիցները փորձել են հավաքագրել ռուսաստանցի օդաչուներին՝ խոստանալով նրանց վճարել 3 միլիոն ԱՄՆ դոլար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ծրագրում էր առևանգված ռուսական կործանիչն ուղարկել ռումինական Կոնստանցայում գտնվող ՆԱՏՕ-ի բազայի տարածք, որտեղ այն կարող էր խոցել ՀՕՊ-ը: