Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքին վերաբերող նոր մեխանիզմ՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով օրենսդրական նախագծի մանրամասները։
Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված է թոշակառուների համար, որոնք սեփականության իրավունքով ունեն անշարժ գույք։ Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նրանք հնարավորություն կունենան գույքը դարձնել հետադարձ հիփոթեքի առարկա և դրա դիմաց բանկից ստանալ պարբերական վճարներ՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու նպատակով։
«Թոշակառուն մարումների խնդիր չունի․ նա շարունակում է ապրել իր տանը, չի փոխում միջավայրը, և յուրաքանչյուր ամիս ստանում է որոշակի գումար, որը գումարվելու է իր կենսաթոշակին։ Սա թույլ կտա ավելի արժանապատիվ ապրել և իր կյանքի որակը բարձրացնել»,- նշել է Թովմասյանը։
Նրա խոսքով՝ գույքի արժեքի գնահատումից հետո կսահմանվի վճարման ժամկետը և գումարի չափը, որը բանկը ամեն ամիս կփոխանցի թոշակառուին։ Նախագիծը դեռ գտնվում է քննարկման փուլում և շրջանառության մեջ է դրվել որպես օրենսդրական առաջարկ։