Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա երիտասարդին դանակահարել է սպանվածի մայրը։ Այս տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27–ին Վանաձորի դատարանում` նիստերի դահլիճում, 22–ամյա երիտասարդի են դանակահարել։ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։
ԶԼՄ–ի տեղեկություններով` սպանված 21–ամյա Հայկ Մ.–ի մայրը դանակով հարվածել է իր որդու սպանության գործով 4 մեղադրյալներից Էրիկ Դադիվանյանին ու փախել դատարանից։
Դանակահարվածին վիրահատել են և նրա վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։
Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը: