Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարող է հեռանալ իր պաշտոնից, եթե բաժնետերերը չհաստատեն նոր փոխհատուցման փաթեթը, որը 1 տրիլիոն դոլարի պարգևատրում է նախատեսում տասը տարվա համար, հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը։
Տնօրենների խորհրդի կողմից առաջարկված ծրագիրը նպատակն ունի խրախուսել Մասկին՝ մնալ ընկերության ղեկավարի պաշտոնում առնվազն հաջորդ յոթ ու կես տարիների ընթացքում, գրել է նա բաժնետերերին ուղղված նամակում։
Բաժնետերերի հանդիպումը, որտեղ կքննարկվեն Գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պարգևատրումը և այլ հարցեր, տեղի կունենա նոյեմբերի 6-ին։
Մասկին որպես ընկերության ղեկավար պահելը Tesla-ի հաջողության համար առանցքային գործոն է, նշել է Դենհոլմը։ Եթե փոխհատուցման փաթեթը չհաստատվի, ընկերությունը կարող է կորցնել նրա «տաղանդն ու տեսլականը» մի շրջանում, երբ Tesla-ն ձգտում է համաշխարհային առաջատար դառնալ Արհեստական բանականության (ԱԲ) և ինքնավար վարման տեխնոլոգիաների ոլորտում, հավելել է նա։
Մասկի պարգևատրման ծրագիրը փուլային վճարումներ է նախատեսում ընկերության բաժնետոմսերի տեսքով այն դեպքում, եթե այն հասնի որոշակի թիրախների՝ ինչպես կապիտալիզացիայի չափով, այնպես էլ օպերացիոն ցուցանիշներով։ Առավելագույն վճարումները նախատեսված են այն դեպքում, եթե Tesla-ի շուկայական արժեքը մինչև 2035 թվականը հասնի 8.5 տրիլիոն դոլարի, իսկ ճշգրտված EBITDA-ն աճի մինչև 400 միլիարդ դոլար։ Այդ դեպքում Մասկը կստանա Tesla-ի բաժնետոմսերի մոտ 12%-ը՝ 1.03 տրիլիոն դոլարի չափով։
2025 թվականի սկզբից ի վեր Tesla-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 12%-ով՝ հասնելով 1.5 տրիլիոն դոլարի։