ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ նիստ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երեկ երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական անդամներին և մանրամասն ներկայացրել նրանց իր ամերիկացի գործընկերոջ հետ մտքերի փոխանակման բովանդակությունը», - ասել է Ուշակովը։
Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին նախագահներ Պուտինը և Թրամփը երկու ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Ամերիկացի առաջնորդը զրույցը բնութագրել է որպես շատ արդյունավետ։ Կողմերը համաձայնել են անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Թրամփը նաև հույս է հայտնել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների վերաբերյալ։