Հայց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է արել«Պատժի կրկնապատկումը» վերտառությամբ.
«Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:
Հիմա պատկերացրեք իմ դեմ դատական հայց է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը (վերջին երկուսը դեռ հայտարարել են, որ դիմելու են դատարան): ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար: Ոնց հասկացա, ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել, որ չխեսեմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վայրագորեն ավերելու ու վանդալիզմի ենթարկելու, անորակ ու խոտան դասագրքեր տպագրելու ու բազում կոռուպցիոն դրվագների մասին, որտեղ ներքաշված է և նախարարը, և նախարարությունը:
Հիմա սրանց ո՞նց բացատրեմ, որ իրենց գրությունները լավագույն դեպքում կարող եմ օգտագործել որպես սևագիր թուղթ, իսկ ես իմ հերթին խնայելով բնությունը, չեմ պատրաստվում որևէ կերպ արձագանքել գործող իշխանությունների կողմից պատանդի կարգավիճակում պահվող դատարանների ու դատավորների գրություններին: Այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանզի ՀՀ-ում, ինչպես ասվել է, չկա որևէ դատավոր, ով կհակադրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին ու նախարարություններին:
Ես ընդամենը կշարունակեմ զբաղվել իմ հիմնական գործերով ու հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար շատ մոտ ապագայում պատժի ու հատուցման կրկնապատկման մասին»: