Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհնար է համարել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի հաստատումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Մենք պարզապես չենք կարող հիմա հրադադար հայտարարել՝ հույս ունենալով, որ մյուս կողմը որոշակի դրական քայլեր կձեռնարկի», - ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում:
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան վետո է դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։
Հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից, գրում է Shamshyan.com-ը:
Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են:
Ըստ կայքի, պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է։
Քրիստինե Ա․-ն նշել է. «17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։
Դրանից 1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, ով ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։
Վերջում զրուցակիցը հայտնել է, որ միայն խնդրում է բարեգործ մարդկանց իր և երեխայի համար կացարան, քանի որ ինքը համոզված է, որ իր պայքարի արդյունքում արդարությունը հաղթելու է և տունը կրկին իրենցն է լինելու։
Սևանա լճում լողափնյա սեզոնին 2023–ին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա։
ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը վստահեցնում է` ջրահեղձության դեպքերը հիմնականում տեղի են ունենում, երբ անձինք ոչ սթափ վիճակում են մտնում լիճ։
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»
Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը: Էրդողանը Բեռլին է մեկնում իբրև թե հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո նրան աջակցելու նպատակով: ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։
Սիմվոլիզմը թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ուստի անկարևոր չեմ համարում Էրդողանի աջակցությունը իր հավաքականի խաղացողին, որին, ըստ էության, պատժում են սիմվոլիկ ժեստի համար: Բայց նաև թուրքական արտաքին քաղաքականության կարևոր, եթե չասենք՝ գերակա ուղղություն է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի ղեկավարները հուլիսի 6-ին հավաքվում են Շուշիում՝ ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ փաստորեն առանց Էրդողանի մասնակցության:
Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը: Կարելի է ենթադրել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ստիպել են Էրդողանին՝ մոգոնել «ֆուտբոլային դիվանագիտության» այս դրվագը: Որպես վարկած, առաջ քաշեմ այն թեզը, որ «Միջին միջանցքի» ամերիկյան նախագիծը, որի լոբբիստը վերջին շաբաթներին դարձել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, «բաժանարար» որոշակի գիծ է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում:
Հայ-ադրբեջանական խաղաղության ամերիկյան պրոյեկտը ենթադրում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության սահմանափակում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Նման հետանկարին Անկարան ամենևին դեմ չէ, մանավանդ, վակուումը, մեծ հաշվով, լցվելու է հենց թուրքական գործոնով: Ալիևն, իհարկե, «Միջին միջանցքին» դեմ չէ, մանավանդ, որ դրա շնորհիվ առնվազն պարզեցված տրանսպորտային հաղորդակցություն է ստանալու Սյունիքում, բայց Բաքվում ակնհայտորեն ուզում են մեծացնել իրենց «գինը»՝ հատկապես, որ Մոսկվան ու Պեկինը պատրաստ են մասնակցել բարդ այս խաղին: Ըստ այդմ, Վաշինգտոնից հնչող առաջարկությունների ֆոնին Ալիևն Աստանայում «ռազմավարական» փաթեթավորմամբ հանդիպումներ է ունենում Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ վերջինս հետ կնքելով նաև ռազմավարական համագործակցության հռչակագիր:
Սրան հավելենք նաև այն փաստը, որ նույն Աստանայում, ըստ ամենայնի, անարդյունավետ են անցել Պուտին- Էրդողան բանակցությունները. այդպես էլ չի հստակեցվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցի ժամկետը, իսկ Պուտինի խոսնակը բացառել է Անկարայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ Աստանայում միանգամայն տարբեր, եթե չասենք՝ հակադիր օրակարգեր են ունեցել Ալիևն ու Էրդողանը: Ահա, թե ինչու Շուշիի փոխարեն Էրդողանը նախընտրեց Բեռլինը»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից:
Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։
Ըստ պաշտոնական տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3 % և 4.3 %–ով:
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում էր 520 դրամով, պրեմիում տեսակինը` 560–570 դրամով։ 2023 թ. դեկտեմբերին 2022 թ. նույն ամսվա համեմատ ՀՀ–ում բենզինը թանկացել էր 24,3 %–ով։
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետաքրքիր է շատ:
Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի եւ մասնակցությունը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ վեհաժողովին, որ կազմակերպում է Ալիեւը օկուպացված Շուշիում:
Դժվար է հավատալ, որ ֆուտբոլը պատճառ է: Մեծ հավանականությամբ ֆուտբոլը առիթ է, իսկ պատճառը քաղաքականությունն է, մասնավորապես, ինչպես վերջին շաբաթներին խոսել եմ պարբերաբար՝ Էրդողանի դժգոհությունը Ալիեւից, Պուտին-Ալիեւ հարաբերությունից ու պայմանավորվածություններից, իսկ դրան էլ ավելացավ թերեւս Չինաստանի հետ ռազմավարական գործակության մասին հռչակագրի ստորագրման հանգամանքը, որ տեղի ունեցավ Աստանայում Ալիեւ-Ցզինպին ֆորմատով:
Վեհաժողովի փոխարեն ֆուտբոլը նախընտրելը Էրդողանի դեմարշն է Ալիեւի հանդեպ»:
«Հրապարակի» զրուցակիցը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն է:
- Առաջին ատյանի դատարանը վճռել է Ձեզնից և Ձեր տիկնոջից բռնագանձել 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 2 գույք: Պատրաստվո՞ւմ եք վճարել այդ գումարը:
- Իհարկե` ոչ, չեմ պատրաստվում:
- Այսինքն` առաջիկայում պատրաստվում եք բողոքարկե՞լ վճիռը:
- Անպայման բողոքարկելու ենք:
- Իրավապահ համակարգը հաղորդագրություններ է տարածում, որից տպավորություն է ստեղծվում, որ այդ վճիռն արդեն ուժի մեջ է մտել և Դուք գումարը փոխհատուցելու եք:
- Նման բան չկա, Վերաքննիչ, Վճռաբեկ՝ բողոքարկելու ենք, հարկ եղած դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ։
- Քանի որ Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան եք, կա տեսակետ, որ այս վճիռն ունի քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է, որ իշխանություններն այս քայլով փորձում են իրենց քաղաքական հակառակորդներին չեզոքացնել:
- Ես այս հարցն ընդհանրապես չեմ ցանկանում քաղաքականացնել: Լրատվամիջոցներն են առավել շատ այս հարցը քաղաքականացնում, բայց չեմ հասկանում ինչի՞ համար, ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն առհասարակ այս գործի հետ: Ասում են, որ 1997 թվականից ապօրինի գույքեր են հայտնաբերել, ի՞նչ կապ կարող է ունենալ Ծառուկյանը դրա հետ: Ես հասկանում եմ, որ բոլորին քաղաքական ենթատեքստ է պետք, բայց 1997-ից տասը տարի անց եմ ես Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամացել:
- Քանի որ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների դեմ էլ են գործեր հարուցվել, հավանաբար դրանով է պայմանավորված:
- Բայց իմ գործը լրիվ առանձին գործ է, ոչ համատեղ գույքի մասին է խոսքը, ոչ էլ ինչ-որ նման բան, ասեմ ավելին` իմ դեմ գործն ավելի շուտ է հարուցվել, քան Ծառուկյանի: Երկու տարի շուտ:
- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 1997 թվականին ձեռք բերված գույքի օրինականությունը մինչ օրս չեք կարողացել ապացուցել:
- Դե նայած թե ում կարծիքով չեմ կարողացել ապացուցել: Ես ամբողջովին ամեն ինչ ապացուցել եմ, այնտեղ կա իքս գումար, որին կանդրադառնան փաստաբանները: 2003 թվականին հայրս դրսից մեծ գումար է բերել, որից մի մասն է ընդամենը տրամադրել ինձ, բանկային ողջ գործարքն էլ երևում է: Նոտարով երդում- հավաստագիրը տրված է, դատարանում ամեն ինչ կա:
- Եվ դա որպես ապացույց չի՞ ընդունել դատարանը:
- Այո, չի ընդունել դա որպես ապացույց, եթե ընդունեին, ողջ գործն, այսպես ասած, փլվելու էր:
- Դա նշանակում է, որ հաջորդ ատյաններում, կամ գուցե միջազգային ատյաններում կարողանալու եք հասնե՞լ դատարանի որոշման չեղարկմանը:
- Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում, ինձ համար անհասկանալի է, որ ես թաք (մինուճար) տղա լինելով, ստացել եմ գումարը հորիցս, բայց իրենք չեն հավատում, որ թաք տղա լինելով այդ գումարը ինձ է տվել, այդ ժամանակ, ես 23 տարեկան տղա եմ եղել: Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր 23 տարեկան տղան կարող է 3 միլիոն դոլար գումար հայթայթել: Դա հնարավոր է միայն հանցագործություն կատարելու դեպքում, իսկ եթե 3 միլիոնի հանցագործություն արած լինեի, հիմա բերդում մեռած կլինեի:
- Իսկ Ձեր հայրը դատարանում չի՞ տվել վկայություն, որ այդ գումարը տվել է Ձեզ:
- Տվել է:
- Իսկ դատարանն ինչո՞ւ չի հավատում:
- Ասեմ ավելին` երդում- հավաստագիր է տվել անգամ հայրս: Ինչպես գիտենք, կեղծ վկայություն տալն ու սուտ երդում- հավաստագիր տրամադրելը քրեորեն պատժելի արարքներ են: Ասեմ ավելին` այդ ընթացքում ոչ ես, ոչ էլ հայրս չենք ունեցել պաշտոն և շատ լավ երևում է, որ փողը դրսից է եկել:
- Այսինքն, եթե վճիռը մտնի ուժի մեջ, Դուք կկարողանաք միջազգային ատյաններում այս գործը բողոքարկել եւ պետությունն այդ դեպքում ստիպված կլինի մեծ փոխհատուցում վճարե՞լ:
- Չեմ ուզում մեր դատական համակարգին գնահատականներ տալ, գուցե հաջորդ ատյաններում ամեն ինչ հաշվի առնեն: Հույսս չեմ կորցրել:
- Մեզ տեղեկություններ են հասնում, որ ապօրինի գույքի գործով մեղադրյալներին իրավապահները գործարքներ են առաջարկում, ասում են` մի մասը մեզ տուր, մնացած գույքը կդառնա օրինական, Ձեզ նման առաջարկ արե՞լ են:
- Ոչ, ինձ նման առաջարկ չի արվել:
Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը, գրում է պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,-գրել է նա:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի օկուպացված Շուշի։ ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Օրբանի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։
Նրա խոսքով՝ Օրբանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը օկուպացված Շուշիում։
«Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցումը: Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կվարի նաև գործընկեր երկրների ղեկավարների հետ»,- նշել է նա։