ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է Կատարում տեղակայված ամերիկյան «Ալ Ուդեյդ» ռազմաբազայի օդանավակայանի փակման մասին։ Տեղեկությունը զետեղված է գերատեսչության պաշտոնական կայքում։
Ծանուցման մեջ նշվում է. «Օդանավակայանները փակ են», առանց որոշման ժամկետների կամ պատճառների մասին լրացուցիչ մանրամասների։
Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը Կատարում տեղակայված ռազմաբազայի վրա Իրանի հնարավոր հարվածը համարում է «անխուսափելի սպառնալիք»։
Այս ֆոնին, երկուշաբթի Կատարի իշխանությունները հայտարարեցին երկրի օդային տարածքի ժամանակավոր փակման մասին՝ այն անվանելով Կատարի քաղաքացիների և այցելուների անվտանգությունն ապահովելու կանխարգելիչ միջոցառում։
Կատարում ստեղծված իրավիճակն այս պահին։
Նաև հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իրաքի ուղղությամբ։
Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է տևել երկու տարի, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրանական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյային։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը պատրաստ է երկարատև դիմակայության, սակայն պահանջում է, որ Միացյալ Նահանգներն անմիջականորեն պատասխանատվություն կրի տեղի ունեցողի համար, այլ ոչ թե գործի Իսրայելի միջոցով։ «Իրանը ցանկանում է, որ հենց Ամերիկան անհապաղ հատուցի այս պատերազմի համար», -ընդգծել է աղբյուրը։
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են Իրանի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա հարձակումներ իրականացնելու վերաբերյալ։ Դրա մասին հաղորդում է «Իրանագետ» թելեգրամյան ալիքը։
«Ի հաստատում իրենց հայտարարությունների՝ իրանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկար, որում երևում է Կասպից ծովում հայտնաբերված իսրայելական կործանիչի վառելիքի բաքը», -ասված է հաղորդագրության մեջ։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի վրա հարձակման համար Իրանը հրթիռային կայանքներ է տեղակայում՝ ի պատասխան շաբաթավերջին երեք միջուկային օբյեկտների վրա ամերիկյան կողմից իրականացված անակնկալ հարվածի, հայտնում են ԱՄՆ պաշտոնյաները։
Պենտագոնը հետևում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին ուղղված «հավաստի» սպառնալիքին, Wall Street Journal-ին հայտնել է մի պաշտոնյա։
Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել։ Ըստ Reuters-ի՝ ենթադրվում է, որ ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ինչպես հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, Իրանի զինված ուժերը վեց հրթիռ են արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։
Նպատակակետերից մեկը Դոհայից հարավ-արևմուտք տեղակայված Ալ Ուդեյդի ավիաբազան է։ Այնտեղ է տեղակայված ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) շտաբ-բնակարանը տարածաշրջանում։
Մանրամասները ճշտվում են։
ԱՄՆ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում խիստ քննադատել է Ռուսատսանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ որոշ երկրներ պատրաստ են Իրանին միջուկային զենք հանձնել:
«Ես ճիշտ ե՞մ լսել, որ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը անփութորեն է արտասանել «N-բառը» և ասել, որ ինքը և այլ երկրներ միջուկային մարտագլխիկներ են մատակարարելու Իրանին: Նա իրականում ասել է՞ դա, թե՞ սա պարզապես իմ երևակայության արդյունքն է»,-գրել է նա:
«Եթե նա իրոք այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ, անհապաղ ինձ տեղյակ պահեք։ N բառին պետք չէ անլուրջ վերաբերվել: Կարծում եմ՝ հենց դրա համար էլ Պուտինն է «ՇԵՖԸ»։ Ի դեպ, եթե որևէ մեկը կարծում է, որ մեր «սարքավորումը» այս շաբաթավերջին հիանալի էր, ապա մեր ունեցած ամենաուժեղ և լավագույն սարքավորումները, որոնք մյուսների ունեցածից 20 տարի առաջ են, մեր միջուկային սուզանավերն են: Դրանք երբևէ կառուցված ամենահզոր և մահաբեր զենքերն են, և մենք հենց նոր արձակեցինք 30 Tomahawks հրթիռներ. բոլոր 30-ն էլ կատարյալ հարվածեցին իրենց թիրախին: Այսպիսով, բացի մեր հիանալի կործանիչ օդաչուներից, շնորհակալություն կապիտան և անձնակազմին»,-շարունակել է Թրամփը:
Նշենք, որ Թրամփը N տառը նշելիս նկատի ունի անգլերեն Nuclear բառը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է միջուկային:
- Ֆիննական Finnair ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Կատար թռիչքները մինչև հաջորդ շաբաթ։
- Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է արել Կատարում գտնվող իր քաղաքացիներին ապաստան գտնել՝ ԱՄՆ-ից անվտանգության սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո։
- Կատարում Չինաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները։
- Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքի փակման մասին մինչև հետագա ծանուցում։
- Այսօր երեկոյան կարող է լուրջ բան պատահել, գրում են իրանական տելեգրամ ալիքները։
Իրանն այս պահին հարվածներ է հասցնում Կատարի մայրաքաղաք Դոհային։
Ինչպես հայտնի է, Կատարի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել երկրի տարածքով օդային հաղորդակցությունը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դրա մասին հաղորդվում է երկրի Արտգործնախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Իր քաղաքացիներին, բնակիչներին և այցելուներին պաշտպանելու Կատարի պարտավորության շրջանակում, իրավասու մարմինները հայտարարում են նրա օդային տարածքի ժամանակավոր փակման մասին։
Սա տարածաշրջանային իրավիճակի վատթարացման ֆոնին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների մի մասն է», -ասված է հայտարարության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Թբիլիսի այցի շրջանակում հանդիպել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Պապոյանը։
Վրացական կողմի հետ ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանի փոխանցմամբ՝ ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
«Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով», - նշել է էկոնոմիկայի նախարարը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։