Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցելու Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նամակը, որում նա աջակցություն է խնդրում:
«Իհարկե, նա, հավանաբար, Պուտինին փոխանցելու բան կունենա թե՛ Գերագույն առաջնորդից, թե՛ Իրանի նախագահից, բայց նամակ, որպես այդպիսին, նրա ձեռքին չկար»,- հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասել է Պեսկովը:
Արդեն հայտնել էինք, որ տեղի է ունեցել Պուտինի հանդիպումն Արաղչիի հետ:
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է հակամարտության արագ ավարտին, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, բայց ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանն էլ, ինչպես գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ. կամ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ պատերազմի ընդլայնման ռիսկով, կամ վերադառնալ միջուկային բանակցություններին՝ հնարավոր զիջումներով։
Արևմուտքում որոշ քաղաքական գործիչներ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ծրագրեր են մշակում, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք չենք կարող չմտահոգվել, որ մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ շարունակում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ծրագրեր մշակել, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում», - ասել է Պուտինը՝ ռազմական համալսարանների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի հայտարարություն է տարածել.
«Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին:
Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաև այն փաստը, որ Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»:
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին, որին մակագրվել էր իր կալանքի դեմ վերաքննիչ բողոքը։
Կարապետյանը նամակում նշել է, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։
«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վեցնում»,- նամակում նշել է Կարապետյանը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 23-ին, կազմել է 386.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.6 դրամ (նվազել է 1.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-389 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-439.5 դրամով, վաճառվում է 446-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.87 դրամով, վաճառվում է 4.96-5.12 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կրկին ԱԺ-ում է՝ պատգամավորների հետ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ հարցեր։
Այս անգամ նրան ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հրաժարվելով զրույցն անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ։
«Հանդիպումը ոչ միայն կարճ էր, այլ նաև բովանդազուրկ»,- պատգամավորի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Էդգար Ղազարյանը՝ շարունակելով․ «Միայն ֆորմալ կողմը պահպանվեց։
Տիկին Մանուկյանը փորձեց ինձ վիրավորել։
Նախ անհասկանալի էր, որ չցանկացավ լրատվամիջոցների ներկայությունը։
Ասաց, որ չի ուզում քաղաքական շոուների մասնակցել։ Նախկինում լրագրող աշխատած մարդը փաստորեն իր մասնագիտական գործունեությունը համարել է քաղաքական շոու։
Իմ ընկալումներով հանրային ծառայողի հրապարակային գործունեությունը նման կերպ որակելը վիրավորական է։
Ինձ ասում էր, որ պատվեր եմ կատարում, ինչի համար դիտողություն արեցի, քանի որ նման զրպարտություն պարունակող որակումները անտակտ են և անընդունելի»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով։
ԱՄՆ ռազմակայանը Հասեկում՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում, ենթարկվել է հարձակման։ Այս մասին տեղեկացրել է Mehr իրանական գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալությունը չի հստակեցրել, թե ով է գնդակոծել ամերիկյան բազան։
Ինքնիշխան ոչ միջուկային պետության վրա մոտ 14 տոննայանոց ռումբեր են նետում։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Երեւանում կազմակերպված «Ռուսաստանի ակտուալ մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ փոփխգործակցությանը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պայմաններում» համաժողովում։
Նրա խոսքով՝ երկու բառով իրավիճակը կարելի է բնութագրել որպես «կանոններ՝ առանց կանոնների»։
Վադիմ Ֆեֆլովն ընդգծել է, որ սրացումն ուղեկցվում է ակտիվ ապատեղեկատվությամբ, եւ նման մոտեցումը գործում է երկար տարիներ։ Այս առնչությամբ նա օրինակ է բերել, որի վկան դարձել է ինքը 1990-ականներին Կոսովոյում։
Ինչպես պատմել է Վադիմ Ֆեֆիլովը, 1998թ. «Ռոյթըրը» տարածել է ալբանացի կանանց եւ երեխաների կադրեր, որոնք իբր փորձում էին փրկվել սերբերից։ Սակայն, ինչպես պատմել են տեղեկացված գործընկերները, կանայք գնում էին հարեւան գյուղ՝ պոպուլյար սերիալի հերթական սերիան դիտելու, քանի որ այդ պահին իրենց գյուղում հոսանքն անջատել էին։
Այսինքն, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ապատեղեկատվական արշավում հսկայական ուժեր եւ միջոցներ են դրվում, եւ Իրանը բացառություն չէ, ընդգծել է Ֆեֆիլովը։