Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը.
«2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»:
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։
Ներկայացվել է նաեւ ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով՝ երգչախմբի և նվագախմբի կատարմամբ, երգչախմբի կատարմամբ եւ նվագախմբի կատարմամբ։
ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:
ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը:
Բանակցություններն ընթանում են ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում։
Նշենք, որ մինչ այս Լավրովն ու Ռուբիոն մի քանի անգամ շփվել են հեռախոսով և առաջին անգամ անձամբ հանդիպել փետրվարին՝ Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին սկսել երկկողմ հարաբերությունների կարգավորման աշխատանքները։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Ալիև-Փաշինյան հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։
Հաղորդվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ասպեկտների՝ սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ։
Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցություններն ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ՝ ավելի բարձր մակարդակներում։
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
«Ազատություն». - Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման:
Մնացական Սաֆարյան. - Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո:
«Ազատություն». - Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա:
Սաֆարյան. - Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ:
«Ազատություն». - Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված:
Սաֆարյան. - Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել:
«Ազատություն». - Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության:
Սաֆարյան. - Այո:
«Ազատություն». - Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:
Սաֆարյան. - Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել:
«Ազատություն». - Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը:
Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները:
«Ազատություն». - Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն:
Սաֆարյան - Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի:
«Ազատություն». - Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել:
Սաֆարյան. - Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել:
«Ազատություն». - Ո՞ր կողմերից:
Սաֆարյան. - Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել:
«Ազատություն». - Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են:
Սաֆարյան. - Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ:
«Ազատություն». - Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է:
Սաֆարյան. - Ես չէի ուզի այդ մասին խոսել:
«Ազատություն». - Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է:
Սաֆարյան. - Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը:
«Ազատություն». - Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից:
Սաֆարյան. -Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է:
«Ազատություն». - Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞:
Սաֆարյան. - անակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում:
Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի և Ալիևի բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին։ Դրանք տեւել են մոտ 5 ժամ։
Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այնուհետեւ այն ընդմիջվել է 30 րոպեով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով շփումները։ Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել URA.RU-ի հարցին այն մասին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման համաձայնագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:
Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության
նախապատրաստություն)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:
Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։
ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):
ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով.
Ամբողջական օրհներգը
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ
Օրհներգի կրճատ տարբերակ
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ
ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:
ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։