Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Լոնդոնում մեկնարկել է ֆրանկոբրիտանական գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գագաթնաժողովի մեկնարկին Մակրոնը հայտարարել է, որ քննարկման թեմաներից կլինեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Նա շեշտել է, որ բրեքսիթը ոչ մի կերպ չի ազդել երկու երկրների պատմական հարաբերությունների վրա:
Սթարմերն իր հերթին նշել է, որ Լա Մանշի նեղուցում տիրող իրավիճակը «չի կարող այսպես շարունակվել», և որ կողմերը նոր մարտավարություն կմշակեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար:
Երկու ղեկավարներն էլ նշել են, որ կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային և կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: Բանակցությունների օրակարգում են նաև պաշտպանական համագործակցության ընդլայնումը, հրթիռների համատեղ մշակումը և համագործակցությունը միջուկային ոլորտում: Գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարել են, որ կպատվիրեն լրացուցիչ Storm Shadow հեռահար հրթիռներ և կմշակեն դրանց փոխարինող նոր համակարգեր:
Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են ավելի սերտ համագործակցել միջուկային զսպման ոլորտում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ արձագանքեն Եվրոպային սպառնացող ցանկացած վտանգի: Մակրոնը եռօրյա պետական այցով Մեծ Բրիտանիայում է հուլիսի 8-ից: Սա 2020 թվականին բրեքսիթից հետո ԵՄ անդամ երկրի ղեկավարի առաջին պետական այցն է Միացյալ Թագավորություն:
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի բոլոր օդանավակայանների լիարժեք աշխատանքի վերսկսման մասին՝ հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով մոտ երկու շաբաթ տևած ժամանակավոր դադարից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջին օրերին պաշտոնական թույլտվություն էր տրվել Թավրիզի օդանավակայանի գործունեությունը վերսկսելու համար։ Սպահանի օդանավակայանը ևս շուտով կվերադառնա օդային տրանսպորտի ցանցին՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո։
Հաղորդվում է, որ Թավրիզի և Սպահանի օդանավակայանները, որոնք լուրջ վնասներ էին կրել իսրայելական հարձակումների ժամանակ, վերականգնվել են 10 օրից էլ պակաս ժամանակում, վերանորոգվել են նաև թռիչքուղիները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Իրանը Մեծ Բրիտանիայի համար զգալի և բազմակողմանի սպառնալիք է ներկայացնում, որը շարունակում է աճել, սակայն երկրի կառավարությունը վատ է պատրաստված այդ ռիսկերին դիմակայելու համար, ասվում է Խորհրդարանական հետախուզության և անվտանգության հանձնաժողովի (ISC) նոր զեկույցում, հաղորդում է Reuters-ը։
Զեկույցում նշվում է, որ «իրանական սպառնալիքը տատանվում է իրանցի այլախոհների և Մեծ Բրիտանիայում հրեական թիրախների վրա հնարավոր ֆիզիկական հարձակումներից և սպանություններից մինչև լրտեսություն, կիբերհարձակումներ և միջուկային ծրագիր մշակելու փորձեր»։
«Իրանը գտնվում է սպառնալիքների ամբողջ սպեկտրի մեջ, որոնց հետ մենք ստիպված ենք գործ ունենալ», - ասել է կոմիտեի նախագահ Քևան Ջոնսը։
Չնայած հանձնաժողովի եզրակացությունները վերաբերում են մինչև 2023 թվականի օգոստոսը ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ պատգամավորները շեշտել են, որ իրենց առաջարկությունները գործողությունների վերաբերյալ ուժի մեջ են մնում։ Սա ևս մեկ հիշեցում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին այն ռիսկի մասին, որը, նրանց կարծիքով, Թեհրանն է ներկայացնում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին հետախուզական ծառայության MI5 ղեկավարը հայտնել է, որ 2022 թվականի հունվարից ի վեր Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները և ոստիկանությունը «կանխարգելել են Իրանի կողմից աջակցվող 20 դավադրություն՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կամ անհատներին Մեծ Բրիտանիայում առևանգելու կամ սպանելու համար, որոնց Թեհրանը սպառնալիք է համարում»։
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Թեհրանը հանցավոր կազմակերպություններին օգտագործում է որպես միջնորդներ՝ իր նպատակներին հասնելու համար։
Իրենց զեկույցում պատգամավորները նաև կոչ են արել կառավարությանը լրջորեն քննարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։
Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 10-ի լուսաբացից ի վեր 55 պաղեստինցի է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
15 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել են Դեյր ալ-Բալահ քաղաքում սննդի բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետանքով։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կրակոցից 3 զինվորի վիրավորման մասին. նրանցից երկուսի վիճակը ծանր է:
ՀԱՄԱՍ-ը վերահաստատել է իր շարունակական ինտենսիվ ջանքերը՝ բանակցությունների հերթական փուլի հաջողությունն ապահովելու համար՝ ձգտելով հասնել համապարփակ համաձայնության:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Իսրայելի հետ համաձայնության մասին, ըստ որի պետք է ընդլայնվի մարդասիրական մուտքը Գազայի հատված, և պետք է բացվեն նոր անցումներ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս կամ հաջորդ շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր կնքելու հավանականությունը բավական մեծ է:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավում տեղի ունեցած ագրեսիայի զոհերի թիվը հասել է 57,680-ի, վիրավորներինը՝ 137,409-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1,200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։
Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։
Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը, այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։
Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»»:
«Nevermore Academy»-ի ամենահիասքանչ և սիրված ուսանողուհու երկրպագուները կարող են ուրախանալ. Netflix-ը պաշտոնապես հրապարակել է «Wednesday» սերիալի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը, որի գլխավոր դերում Ջեննա Օրտեգան է:
Նոր կադրերը խոստանում են ավելի մռայլ, սարսափելի շրջադարձ հիթային սերիալի համար՝ հեռանալով ռոմանտիկ ենթասյուժեներից և կենտրոնանալով նոր առեղծվածների, ընտանեկան դինամիկայի և սարսափելի մարգարեության վրա:
Hypebeast-ը գրում է, որ երկար սպասված եթերաշրջանը կթողարկվի երկու մասով՝ 1-ին մասը կթողարկվի 2025 թվականի օգոստոսի 6-ին, իսկ 2-րդ-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին:
Թրեյլերը անմիջապես հեռուստադիտողներին տեղափոխում է Ուենսդեյ Ադամսի գոթական աշխարհ՝ ցուցադրելով նրա վերադարձը «Nevermore Academy»: Սակայն սա խաղաղ վերադարձ չէ: Ուենսդեյը պայքարում է անցանկալի հռչակի դեմ՝ 1-ին եթերաշրջանում դպրոցը փրկելուց հետո, նույնիսկ կատակում է մոլուցքային երկրպագուների համար արջերի թակարդներ տեղադրելու մասին:
Նոր եթերաշրջանի սյուժեի առանցքը բացահայտվում է, երբ Ուենսդեյը ունենում է անհանգստացնող հոգեկան տեսիլք. նրա լավագույն ընկերուհին և սենյակակիցը՝ Էնիդ Սինքլերը (Էմմա Մայերս), մահանում է, և Ուենսդեյը կարծում է, որ ինչ-որ կերպ ինքն է պատասխանատու դրա համար: Այս սարսափելի նախազգացումը Ուենսդեյին ուղարկում է Էնիդին փրկելու հուսահատ առաքելության։
Թուրքիայի նախագահը կատարում է իր քաղաքական կարիերայի ամենավտանգավոր քայլը. նա փորձում է իր կողմը գրավել քրդական փոքրամասնությանը, որպեսզի վերջ դնի երկրի պատմության ամենաերկար հակամարտություններից մեկին և պահպանի իր անկայուն քաղաքական դիրքը, գրում է Politico-ն։
Ծրագրի էությունն այն է, որ քաղաքական ապագա տրամադրվի արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը ցմահ բանտարկություն է կրում Իմրալի կղզում և տասնամյակներ շարունակ համարվել է հանրության թիվ 1 թշնամի։ Շատ տարիներ անց առաջին անգամ Օջալանն ինքը տեսաուղերձով հանդես է եկել՝ հայտարարելով, որ ՔԲԿ-ն հրաժարվել է անկախ պետության համար պայքարից և պատրաստ է ամբողջությամբ վայր դնել զենքերը։ Զենքի առաջին խմբաքանակները պետք է հանձնվեն առաջիկա օրերին Իրաքի Սուլեյմանիե քաղաքում։
Ինչո՞ւ է Էրդողանը անում դա
2024 թվականի քաղաքային ընտրություններում ցավալի պարտությունից հետո, այդ թվում՝ հիմնական պահպանողական շրջանների կորստից հետո, Էրդողանը կորցրել է իր ավանդական աջակցության մեծ մասը: Ընդդիմության դեմ զանգվածային ճնշումների ֆոնին (Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, իսկ ընդդիմադիր քաղաքապետերը ձերբակալվում են ամբողջ երկրում), նախագահը հուսահատորեն կարիք ունի նոր սոցիալական բազա ստեղծելու: Խաղադրույքը դրված է քրդերի վրա, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության մոտ 15-20%-ը:
Սակայն այս քայլը հսկայական ռիսկ է պարունակում. թուրքերի ճնշող մեծամասնությունը ավանդաբար Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) համարում է ահաբեկիչներ, իսկ Օջալանին՝ մարդասպան, մինչդեռ քրդերը խորապես կասկածամիտ են կառավարության նկատմամբ տասնամյակներ տևած ճնշումներից և ձախողված խաղաղության նախաձեռնություններից հետո։
Նոր համաձայնագիր Օջալանի հետ
Դատավարության գլխավոր դեմքը ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին է եղել՝ Էրդողանի հին դաշնակիցը։ 2007 թվականին նա կոչ է արել Օջալանին մահապատժի ենթարկել, իսկ հիմա ինքն է առաջարկել ելույթ ունենալ խորհրդարանում՝ պայմանով, որ Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) լիովին զինաթափվի։ Դրան հաջորդել է Օջալանի բարձրաձայն հայտարարությունը, որը կոչ է արրել զինյալներին վայր դնել զենքերը և հայտարարել կազմակերպության ինքնալուծարման մասին։
Մայիսի 12-ին Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) պաշտոնապես հայտարարել է զինված պայքարի ավարտի մասին՝ իր «պատմական առաքելությունը» համարելով կատարված։ Սակայն սա քրդերի շրջանում ոգևորություն չի առաջացրել։ Մարդու իրավունքների պաշտպան Նուրջան Բայսալը ընդգծում է, որ հայտարարություններում չի նշվել քրդերի մշակութային, լեզվական կամ վարչական իրավունքները։ «Քրդական քաղաքների բնակիչների համար սա խաղաղության գործընթաց չէ, այլ պարզապես ՔԲԿ-ն անհետացնելու փորձ է՝ առանց խնդրի էությունը փոխելու», - ասում է նա։
Վստահություն և կասկածամտություն
Անվստահությունը սնուցվում է անցյալի փորձով. Էրդողանի նախորդ խաղաղության նախաձեռնությունները ձախողվել են, իսկ նոր քայլերը զուգորդվում են աշխարհիկ ընդդիմության նկատմամբ կոշտ ճնշումների հետ։ «Անհնար է խոսել ժողովրդավարության մասին, եթե ընտրված քաղաքապետերը բանտում են, իսկ դատական համակարգի անկախությունը կասկածելի է», - ասում է քաղաքական մեկնաբան Իփեկ Օզբեյը։
Նույնիսկ նախագահի դաշնակիցների շրջանում այս հարցում միասնականություն չկա. շատերը նախընտրում են հրապարակավ չխոսել՝ գիտակցելով, թե որքան «պայթյունավտանգ» է այս թեման թուրքական հասարակության համար։
Նպատակը նոր սահմանադրությո՞ւնն է։
Դիտորդները կարծում են, որ Էրդողանի իրական նպատակը ոչ այնքան երկարաժամկետ խաղաղությունն է, որքան իր իշխանության ամրապնդումը: Արդեն խոսվում է սահմանադրության փոփոխության մասին՝ նախագահին հնարավորություն տալ երկարաձգել իր լիազորությունների ժամկետը և ըստ էության, դառնալ ցմահ առաջնորդ: Դրա համար նրան կարող են անհրաժեշտ լինել խորհրդարանի քուրդ պատգամավորների ձայները։
«Էրդողանը կարող է ցանկացած թեմա օգտագործել իր սեփական շահի համար և քրդական հարցը բացառություն չէ», - կարծում է Բայսալը: Միակ հարցն այն է, թե արդյոք քրդերն իրենք պատրաստ են վստահել իշխանություններին և աջակցել գործարքին:
Հիմնական հարցն այն է, թե ինչ են ուզում քրդերը
Ինչպես նշում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Սեզաի Թեմելլին, քրդական հարցը և Թուրքիայի ժողովրդավարացումը անբաժանելիորեն կապված են։ «Մենք չենք զարմանա, եթե ինչ-որ մեկը օգտագործի քրդական քարտը իշխանությունը պահելու համար, բայց մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի ընտրական հաշվարկներից դուրս», - ասում է նա։
Ի վերջո, չնայած Էրդողանի ռիսկային «քրդական համախմբմանը», գործընթացի ճակատագիրը, կարծես, կախված է ոչ այնքան նրանից, որքան այն բանից, թե արդյոք քրդերը հավատում են կառավարության խոստումներին և տեսնում են դրանում երկար սպասված խաղաղության իրական հնարավորություն։