«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողները երեկ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ընթացքում ծնողները պահանջել են, որ ՔՊ-ական, այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայանա Մհեր Բիշարյանի հետ և պատասխանի իրենց հարցերին, թե ինչու է շիլաշփոթ ստեղծվել զինվորների դիակների հարցում, ինչպես է ստացվել, որ զինվորի դիահերձմամբ 3 ձեռքի համընկնում է եղել, և պաշտոնյաներն ասել են՝ եկե՛ք տարեք ձեր երեխային հուղարկավորեք: Բայց 3 ձեռք «ունեցող» դիակը ծնողն ինչպե՞ս ընդունի իր որդի և հուղարկավորի:
Անդրանիկ Քոչայանն էլ չի կանչել Արսեն Թորոսյանին ծնողների մոտ՝ բացատրություններ պահանջելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը նույնպես չի կարողացել անհետ կորած զինվորների հարազատների հարցերին պատասխանել, նորություններ հայտնել, ինչը էլի զայրացրել է նրանց:
Դիակների ԴՆԹ հետազոտության ողջ խնդիրը ծնողներն Արսեն Թորոսյանից են պահանջել, պարզապես Արթուր Պողոսյանը հայտնվել է թիրախում՝ իր անտեղյակությամբ և անպատրաստվածությամբ. սակայն օբյեկտիվորեն նա ասելու շատ բան էլ չունի:
Ի դեպ, ԱԺ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը, երբ ծնողներին առաջարկել է իրականության աչքերին նայել և ողջերի մեջ չփնտրել իրենց երեխաներին, իր այս խոսքերով հունից հանել է ծնողներին, ովքեր ինչպես դահլիճում, այնպես էլ ներսում քաշքշել են Նազարյանին՝ պահանջելով անցյալով չխոսել իրենց երեխաների մասին:
Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպածը հերթական շոուն էր, որն էլի խաղացել է ծնողների հույզերի հետ՝ նրանց հարցերին որևէ լուծում չտալով:
Օրվա վերջում ծողները հայհոյում էին նաև Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց խաբելու համար»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով:
Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից:
«Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս առիթով մեկնաբանություններ ստանալ ո՛չ Ավինյանից, ո՛չ էլ գլխավոր դատախազից` ապրիլյան հետընտրական հատուկ օրով պայմանավորված: Բայց դա կանենք պատեհ պահի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել:
Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ այլք:
Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել` ճանաչված մասունքները վերցրեք:
Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետեւից դուրս են եկել` հաշիվ մաքրելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվել:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը մեղավորներից մեկին համարում է նաև Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որին առաջին անգամ վստահվել էր ընտրությունների կարևորագույն «օպերացիան», իսկ նա տապալեց:
Նշենք, որ վերը նշված երեք պաշտոնյաներն էլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեի որևէ խնդիր չունի, ու իրենք կարող են ժ/պ-ից ուղիղ համայնքապետի աթոռին նրան նստեցնել: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական պաշտոնյաները սխալ են զեկուցել իրավիճակը ու ՔՊ-ում շատ հնարավոր են համարում առաջիկայում նրանց պաշտոնանկությունները:
Փաստորեն, առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության ՔՊ-ականների մոտ ոչինչ չի ստացվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքի՝
11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի,
Արմավիրի մարզ՝
10:30-15:30 Զարթոնք գյուղ,
Արարատի մարզ՝
10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2 միկրոշրջան մասնակի, Առինջ գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ՝
10։00-16։00 Գագարինավան գյուղն ամբողջությամբ, ԳԵՎՄԻկ ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, Վահան գյուղ, զորամաս և պոլիգոն,
Տավուշ մարզ՝
12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովա, Մխիթարյան, Հակոբջանյան, Թախտա, Թբ. Խճուղի, Մյասնիկյան և Ուղանողական փողոցներ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում: Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները:
Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։
Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ:
Եթե 21-ին մոտ 26 հազար էր մասնակցել, եւ անցողիկ շեմը 1400 ձայնն էր, այս անգամ ամենաքիչ ձայներ ստացած «Մայր Հայաստանը» հավաքել է 2 հազար 800 ձայն՝ 6 տոկոսի շեմը հաղթահարելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա:
Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից։
Ի դեպ, ՔՊ-ում ավելի շատ հուզվել են ոչ թե Գաբրիելյանի` Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, որ իշխանությունը 2026-ին չի լինելու։ ՔՊ-ականները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Մեզ ասացին, որ նրա պահվածքի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում։
ՔՊ-ում կարծում են նաեւ, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել, եւ պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այն, որ իրենց վարկանիշը «պլինտուսից» ցածր է, գիտի նաեւ Փաշինյանը․ պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հավաքին, որ ՔՊ-ի պարտությունն իրեն չվերագրվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Իրանի Քերման նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել։
Mehr գործակալությունը հայտնել է, որ ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 43 ուղևոր։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Մարին Լը Պենը իր դեմ դատարանի որոշումը քաղաքական է անվանել, որի նպատակն է թույլ չտալ իրեն մասնակցելու նախագահական ընտրություններին։
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի ութ պատգամավոր և 12 խորհրդարանական օգնական մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։ Նրանք մեղադրվում էին Եվրամիության միջոցները յուրացնելու և կուսակցության գաղտնի ֆինանսավորման համար՝ Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների ֆիկտիվ աշխատանքի ընդունելու միջոցով։ Այս մեղադրանքի համար առավելագույն պատիժը մինչև տասը տարվա ազատազրկումն է։ Ընդհանուր վնասը գնահատվում է գրեթե 7 միլիոն եվրո։
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական, 2-ը՝ էլեկտրոնային թևնոց կրելու պահանջով:
Այս որոշումը կայացրել է Փարիզի ուղղիչ դատարանը երկուշաբթի՝ մարտի 31-ին, Լը Պենին արգելել են առաջադրել իր թեկնածությունը պետական պաշտոնների համար: Այս պատժամիջոցը պետք է ուժի մեջ մտնի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, նույնիսկ եթե Լը Պենը բողոքարկի։ Այսպիսով, քաղաքական գործիչը չի կարողանա որպես թեկնածու հանդես գալ 2027 թվականի նախագահական ընտրություններում։
2024 թվականի նոյեմբերին դատախազները Մարին Լը Պենի համար պահանջել եներկու տարվա ազատազրկում, ինչպես նաև երեք տարվա պայմանական ազատազրկում, 300,000 եվրո տուգանք և հինգ տարով ընտրություններին մասնակցելու արգելք։