Բոսֆորի նեղուցի երկայնքով ձգվող անօրինական շինությունները, դրանց թվում՝ բարձրաշխարհիկ հասարակությանը հայտնի հյուրանոցները, Ստամբուլի իշխանությունների որոշմամբ կքանդվեն, news-ի փոխանցմամբ՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Բոսֆորի երկայնքով ձգվող բազմաթիվ ձեռնարկությունների դեմ, որտեղ հայտնաբերվել են անօրինական շինարարություններ, քանդման որոշումներ են ընդունվել։ Այդ օբյեկտների թվում են բարձր հասարակությանը հայտնի վայրերը և հյուրանոցները, հաղորդում է РИА Новости-ն։ Հուշարձանների պահպանման խորհուրդը և Բոսֆորի գոտիավորման վարչությունը որոշել են քանդել Բոսֆորի երկայնքով ձգվող այն շենքերը, որտեղ հայտնաբերվել են անօրինական կառուցապատումներ։
Նշվում է, որ քանդվելու են ձկնային ռեստորանները, ինչպես նաև Mandarin և Bebek հանրահայտ հյուրանոցները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եվրոպական երկրները զգալիորեն սպառել են իրենց զինանոցները՝ Ուկրաինային ռազմական աջակցության պատճառով, և այժմ ՆԱՏՕ-ն կարիք ունի իր պաշտպանական կարողությունների լայնածավալ վերականգնման։ Իր մտահոգությունների մասին պետքարտուղարը գրել է USA Today-ի իր հեղինակային սյունակում։
Ռուբիոն նշել է, որ դաշինքը պետք է համալրի ոչ միայն իր զենքի պաշարները, այլև վերականգնի վաղուց կորցրած ռազմական կարողությունները, մասնավորապես՝ ռազմավարական զորքերի տեղափոխումը, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին և արդյունավետ հրամանատարությունն ու կապը։
Նա ընդգծել է, որ ըստ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ, Միացյալ Նահանգները դեռևս արդյունաբերական բազա ունեցող միակ երկիրն է, որը կարող է ծածկել Եվրոպայի ամբողջ անվտանգության կարիքները։
Հաագայում հունիսի 24-25-ն անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ավարտվել է մասնակից երկրների՝ իրենց ռազմական բյուջեները զգալիորեն ավելացնելու որոշմամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի Ռուսաստանից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու իր կարողության մեջ։
Ռուտտեն միաժամանակ արևմտյան երկրներին կոչ է արել Մոսկվայի հարցում միամտություն չդրսևորել։
Էլշան Իբրահիմովը, որը գլխավորում էր Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքը, արտաքսվել է Ռուսաստանից, հաղորդում է SHOT թելեգրամյան ալիքը։
Ըստ РЕН ТВ-ի՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից Բաքու թռչելուց առաջ Իբրահիմովը հայտարարել է, թե արտաքսվելու որոշումը լիովին անակնկալ էր իր համար։ Հարցին, թե ինչու են իրեն ճանաչել սպառնալիք ազգային անվտանգության համար, նա պատասխանել է, որ չգիտի պատճառները, բայց խոստովանել է, որ մի փոքր վշտացած է, որ հեռանում է այն երկրից, որտեղ ապրել է երեք տասնամյակ։
Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, հայտնի դարձավ, որ Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Արտաքսումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում։ Սվերդլովսկի մարզում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունից հետո առաջացած լարվածությունը շուտով հանգեցրեց Ադրբեջանում պատասխան գործողությունների, որոնց թվում՝ ռուսների, մասնավորապես՝ «Россия сегодня»-ի մաս կաղմող «Sputnik Азербайджан» գործակալության աշխատակիցների ձերբակալմանը:
Տեղափոխվածներից շատերը չեն ուզում կորցնել կապը Ռուսաստանի հետ, նրանք գալիս են ռուսական տներ, իրենց երեխաներին բերում այստեղ, և երեխաները սովորում են ռուսերեն, նկարում, երաժշտություն նվագում և այլն: Արդյո՞ք մենք պետք է որևէ կերպ մերժենք նրանց: Կարծում եմ՝ ոչ: Դա անհարգալից է և նույնիսկ, կասեի, անբարոյական մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին РБК-ին հայտարարել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եղվգենի Պրիմակովը։
«Մյուս կողմից, կան մի շարք քաղաքական դրդապատճառներով մարդիկ, ովքեր հանրահավաքների են գնում սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշներով և բղավում են ամեն տեսակի անհեթեթություններ: Նրանք իրենք մեզ մոտ չեն գալիս: Մենք նրանց հետ որևէ ընդհանուր բան չունենք, ինչպես նրանք չեն ուզում մեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ:
Մենք համատեղ նախագիծ են ունեցել Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հետ։ Այն ցույց է տվել, որ, օրինակ, Ադրբեջանում վերջին տարիներին բացասական միտում է նկատվում ռուսաց լեզվի տարածվածության առումով», - ընդգծել է Պրիմակովը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ռուսական համայնքի ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ են արել, բայց ի պաշտպանություն Ադրբեջանի, այլ ոչ թե Ռուսաստանի։
Նրա խոսքով՝ դիրքորոշումը հասկանալի է, քանի որ նրանք ունեն ադրբեջանական անձնագիր։
«Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ մեր հայրենակիցներն ավելի հստակ արտահայտեն իրենց համակրանքը Հայրենիքի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը արժանի է, որ մեր հայրենակիցները, պահպանելով հասկանալի հավատարմություն իրենց պետությունների նկատմամբ, միևնույն ժամանակ լավ վերաբերվեն Ռուսաստանին», - նշել է նա։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու նշաններ չի արձանագրել։
Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում։
«Այն փաստը, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, և այն փաստը, որ այն իսկապես ունի նման զենք, երկու տարբեր հարցեր են: Տվյալները, որոնք մենք տրամադրել ենք, իրոք, զգայուն էին, քանի որ վկայում էին միջուկային ռումբի ստեղծման որոշակի ներուժի մասին: Բայց դա հիմք չի տալիս պնդելու, որ այդ ներուժը կիրականացվի», – նշել է Գրոսին:
Նա հավելել է, որ նույնիսկ եթե Թեհրանն ունենար նման մտադրություն, դրա համար կպահանջվեին «ամիսներ, գուցե, ավելի»:Գրոսիի խոսքով՝ «իրանցիներն ստիպված կլինեին հարստացված ուրանը վերամշակել մետաղի, ինչը դեռ չէին սկսել անել:
«Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջ շարք շատ բարդ համակարգեր…. որոնք միաժամանակ պետք է լինեն բավականաչափ փոքր միջուկային մարտագլխիկի մեջ տեղավորվելու համար», – բացատրել է նա:
Գրոսին նաև հրաժարվել է գնահատական տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմանը՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին՝ նշելով, որ ԱԷՄԳ-ի խնդիրն է պարզել փաստերը և հաղորդել դրանց մասին:
«Իսկ թե ինչպես դրանք կմեկնաբանեն պետությունների ղեկավարները, իրենց գործն է: Ես չեմ ցանկանում դատել այդ մասին», – ասել է գործակալության ղեկավարը: Բացի այդ, նա հերթական անգամ ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրները չեն կարող լուծվել ռազմական եղանակով:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախցիների բռնի տեղահանման և Արցախի ամբողջական օկուպացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները նշել են, որ Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում են ՀՀԿ-ի համար առաջնային օրակարգի հարց և ըստ այդմ` ՀՀԿ-ն այս հարցում հետևողական քաղաքականություն է վարում:
ՀՀԿ ԳՄ-ից հանդիպմանը մասնակցել են Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Տիգրան Աբրահամյանը:
Հունգարիայի կառավարությունը դեմ է հանդես եկել Եվրամիության 2028-2034թթ. բյուջեի նախագծին, որը նախատեսում է 100 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը, Բրյուսելում պատրաստված փաստաթուղթը նշանակում է, որ ԵՄ-ն ստիպված կլինի ֆինանսավորել պատերազմի շարունակությունն ու հանուն դրա «պարտքերի մեջ ընկնել»:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Սա նրանց երկրորդ հանդիպումն է:
Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ նախագահն առաջիկա երկու օրերին կլինի Իտալիայում՝ մասնակցելու միջազգային համաժողովի, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական պատերազմի հարցերով բանագնաց Քիթ Քելլոգի հետ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 9-ին, կազմել է 383.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.11 դրամ (նվազել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-383.5 դրամով, վաճառվում է 385-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 453–458 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.87 դրամով, վաճառվում է 4.94-5.11 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 453 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: