ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:
Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության
նախապատրաստություն)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:
Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։
ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):
ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով.
Ամբողջական օրհներգը
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ
Օրհներգի կրճատ տարբերակ
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ
ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:
ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գրում է Հետքը:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:
Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեի և գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվա հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ին կնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։
Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:
«Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայն մինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Միացյալ Նահանգները մոտ է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և պաղեստինյան անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ձեզ կասեմ, որ մենք շատ մոտ ենք Գազայի հարցում համաձայնագրի կնքմանը։ Մենք ցանկանում ենք հրադադար, խաղաղություն և պատանդների վերադարձ, և ես կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», - ասել է նա՝ Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «կա շատ մեծ հավանականություն», որ համաձայնագիր կկնքվի «այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ»։
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալե։
Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, տեղափոխվել է Քննչական կոմիտե։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։ Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։
Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, եւ մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետեւել, եւ հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու եւ ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար։
Պարզվում է՝ ժուչոկի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձեւն է եղել՝ առանց ուշադրություն հրավիրելու, տեւական ժամանակ գաղտնալսելու տարածքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն ավարտելու եւ դատարան ուղարկելու մասին, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու» համար։ Ողջ մեղադրանքը կառուցված է «Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի» վրա։ Մենք պարզեցինք, որ Մ․ Բ․-ն Միխայիլ Բաղդասարովն է, որը մահացել է 2020 թ․օգոստոսի 21-ին։
Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն մարդու մահվանից 5 տարի անց քրեական վարույթ ավարտել՝ մեղադրանքը կառուցելով բացառապես մահացած մարդու գործողությունների եւ ցուցմունքի վրա, բայց դա այս գործի ամբողջ զավեշտը չէ։ Պարզվում է՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը տենդագին ապացույցներ էր փնտրում նախկին նախագահներին դատելու համար, դուրս են եկել Միկա Բաղդասարովի վրա, որը նեղացած էր «Արմավիայի» հետ կատարվածից եւ մեղադրում էր Սերժ Սարգսյանին ու նրա փեսային՝ այդ արտոնյալ բիզնեսն իրենից խլելու համար։
Բաղդասարովը սկզբում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նախկին նախագահի հետ առերեսման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայերենից կաղում է, իսկ հարցաքննության ժամանակ իրեն թարգմանիչ չեն տրամադրել, ուստի չի հասկացել, թե քննիչներն ինչ են հարցնում, եւ սխալ պատասխաններ է տվել։
Դրանից հետո, մինչեւ իր մահը Բաղդասարովը չի փոխել այդ վերջին ցուցմունքը, եւ դա է եղել պատճառը, որ գործը չեն կարողացել այն ժամանակ դատարան ուղարկել։ Իսկ հիմա եկել է շոուներ անելու եւ մահացած մարդու մի եզակի ցուցմունքը շահարկելու ժամանակը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա եւ կվերադառնա Ռուսաստան։ ՔՊ «ստարիկներից» մեկը երեկ պատրաստ էր գրազ գալ կուսակցի հետ՝ սրա շուրջ, քանի որ «հարուստ մարդիկ ամենավախկոտն են, Սամվել Կարապետյանն արդեն ճաշակել է դժվարությունների», ինչպես Փաշինյանն է ասում` «պետության համը»։
Հավանաբար, Փաշինյանն է թիմին հանգստացրել՝ փորձելով փարատել շատերի մտահոգությունը։ Սակայն վերջին ռեպրեսիաներից ակնհայտ է, որ Փաշինյանի վախերն առասպելական չափերի են հասել, եւ նա ամենուր վտանգ է տեսնում, իշխանությունից զրկվելու տագնապն էլ վերածվել է պարանոյայի։
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ներկայացուցիչ հութիները առևանգել են Eternity C հունական բեռնատար նավի անձնակազմի անդամներին, որը խորտակվել էր Կարմիր ծովում՝ հութիների հարձակման հետևանքով։
Այս մասին ասվում է Եմենում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Հութիները առևանգել են Eternity C-ի անձնակազմի բազմաթիվ անդամների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Հութիները շարունակում են աշխարհին ցույց տալ, թե ինչու է Միացյալ Նահանգները նրանց դասակարգել որպես ահաբեկչական կազմակերպություն», - ասել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։
Բեռնատար նավի անձնակազմը բաղկացած է եղել 21 ֆիլիպինցիներից և Ռուսաստանի մեկ քաղաքացուց։